Լրահոս
Աշխարհ
13:40
20.06.22
102

Խոլերայի բռնկում՝ Իրաքում. հաստատվել է 13 դեպք

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ խոլերայի բռնկումն Իրաքում հանգեցրել է այն բանին, որ առնվազն 13 մարդ վարակվել է, տասնյակ մարդիկ ուղարկվել են հետազոտվելու, նրանց մեծ մասը հյուսիսային Քրդստանից է, կիրակի տեղեկացրել են երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները։

«Խոլերայի տասը դեպք գրանցվել է Սուլեյմանիա նահանգում»,- տեղեկացրել է ինքնավար Քրդստանի առողջապահության շրջանային վարչության պետ Սաբահ Հավրամին։

Ենթադրվող 56 դեպք նույն շրջանում հետազոտվում է երկրի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնական լաբորատորիայում. սա միակ տեղն է, որտեղ կարելի է ախտորոշում կատարել։

Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ևս մեկ դեպք գրանցվել է Սուլեյմանիայի հարևան Քիրկուկում, ևս երկուսը՝ հարավային Մուտանա նահանգում։

Մահվան դեպքեր առայժմ չեն գրանցվել։

«Վերջին վեց օրում լուծի և փսխման մոտ 4 000 դեպք է գրանցվել Սուլեյմանիայի հիվանդանոցներում»,- ասել է Հավրամին մամուլի ասուլիսում։

Սուլեյմանիայի մայրաքաղաքում ապրում է մոտ մեկ միլիոն մարդ։

Խոլերայի վերջին խոշոր բռնկումը երկրում տեղի է ունեցել 2015թ., AFP-ին ասել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սեյֆ ալ-Բադրը։

Խոլերան սուր լուծով ուղեկցվող հիվանդություն է, որը բուժվում է հակաբիոտիկներով և հիդրատացիայով, բայց առանց բժշկական օգնության կարող է սպանել մի քանի ժամվա ընթացքում։

Դրա հարուցիչն այն միկրոբն է, որը սովորաբար փոխանցվում է վատ սանիտարական պայմանների պատճառով։ Մարդիկ վարակվում են, երբ ուտում կամ խմում են այդ միկրոբով վարակված ուտելիք և ջուր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է խոլերայով վարակման 1,3 միլիոնից մինչև չորս միլիոն դեպք, ինչը հանգեցնում է 21 000-ից մինչև 143 000 մարդու մահվան։