Լրահոս
Տարածաշրջան
15:23
19.06.26
55

Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Img default alt hy

Կարսից մինչև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին գտնվող Դիլուջու անցակետ 224 կիլոմետրանոց երկաթգծի շինարարությունը նախատեսվում է ավարտել առաջիկա չորս տարվա ընթացքում։ Ադրբեջանում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը։ Եթե Հայաստանի հատվածում աշխատանքները շարունակվեն կանխատեսված տեմպերով, ապա Զանգեզուրի միջանցքի բացումը սպասվում է մինչև 2030 թվականը։

Այս մասին տեղական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Թուրք նախարարի խոսքով՝ Միջին միջանցքը և դրա հիմնական բաղադրիչ հանդիսացող Զանգեզուրի միջանցքը հատուկ նշանակություն ունեն Թուրքիայի համար, քանի որ դրանք երկիրը կվերածեն միջազգային տրանսպորտային և լոգիստիկ գլխավոր հանգույցի։

«Զանգեզուրի միջանցքը Թուրքիան ուղղակիորեն կկապի թյուրքական աշխարհի հետ, հզոր խթան կհաղորդի Եվրասիայում առևտրին և Եվրոպայի ու Ասիայի միջև բեռնափոխադրումների ժամկետը կրճատելով կհասցնի 18, իսկ պոտենցիալ առումով՝ 14 օրվա»,- նշել է Ա. Ուրալօղլուն՝ հավելելով, որ երթուղու գործարկումը օգուտ կբերի ոչ միայն Թուրքիային ու Ադրբեջանին, այլև Հայաստանին։