Լրահոս
Քաղաքական
19:58
20.09.22
75

Թշնամին մտել է մեր երկիր, սպանել մեր տղաներին ու աղջիկներին, իսկ նա ոսոխի բանակցային արվեստից է խոսում. Րաֆֆի Հովհաննիսյան

Img default alt hy

ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Սեպտեմբեր 21. Հայրենիքը հետ բերելու վերջինը. Տոնական հայտարարության փոխարեն

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնման 31-րդ տարեդարձի տոնը դարձրին նույն ինքնիշխանության հեգնանք, անասնական վախով բացատրելի՝ չհայտարարված համազգային սուգ, հարյուրավոր լույս-հերոսների, անհետ կորածների ու նոր ռազմագերիների անունների անպատվարժան թաքստոց:

Մեր Հայրենիքը վերածեցին հանձնման-ընդունման ենթակա պահեստի՝ հրապարակավ թշնամու «բանակցային արվեստի» սիրալիր արդարացմամբ հանդերձ:

Էլ ասելիք չկա սահմանադրախախտ, ուխտադրուժ, գերագույն հրամանատարությունը ձախողած, ժամանակին հեռանալու պետական պարտք ու պատասխանատվությունից զուրկ, վախկոտաբար միշտ ուրիշին մեղադրող և ինքզինքն արդարացնող, համաքաղաքացու ցավին ու դավին անհաղորդ, ազգային զարթոնքը կուսակցականացրած, ապաև՝ սեփականած ու դրանով իր ընտանիքին և շրջապատին աթոռով, նյութական հարստությամբ հղփացրած ամենանախկին մեղավորի մասին:

Եվ ո՛չ մի ապաշխարանք նրանից կամ՝ զղջում, ձևականից բացի: Պետական պատկան մարմիններից էլ՝ լռելյայն անգործություն, եթե չասենք՝ հանցավոր մեղսակցություն:

Թշնամին մտել է մեր երկիր՝ մեր օջախներ, սպանել մեր տղաներին ու աղջիկներին, իսկ նա աչքը «Էրիվանին» տնկած ոսոխի բանակցային արվեստից է խոսում: Այսօրվանը զինադադար չէ. այն երբևէ ու ոչ մի կերպ խաղաղության չի տանելու:

Քաղաքացի Փաշինյանը քանի մեր մեջ է, Հանրապետությունն ամփոփելու է իր հոգեվարքը: Հայաստանը շարունակելու է փոքրանալ ու ենթարկվել, հայ մարդը, քաղաքացին՝ նվաստանալ, մեր ոսկե սերունդը՝ նահատակներ տալ: Անուն առ անուն, հայրենական հասցե առ հասցե:

Շարժվենք արդեն: Որպես առանձին կամք-հոգիներ, բայց՝ զուգահեռ: Այսինքն՝ միասին: Եվ վերջապես առանց փրկիչների՝ հին, թե նոր:

Կանգնենք մեր զինվորի, մեր իրավունքի, մեր Հայրենիքի համար:

Նրան հետ բերելու միգուցե վերջին տարեդարձն է»: