Լրահոս
Միջազգային
14:54
18.06.26
133

Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կարող է պառակտում առաջացնել Բրյուսելի գագաթնաժողովում․ FT

Img default alt hy

Ուկրաինայի՝ արագացված կարգով Եվրամիության անդամ դառնալու մտադրությունը կարող է պառակտում առաջացնել ԵՄ անդամների միջև Բրյուսելում հինգշաբթի օրը մեկնարկած գագաթնաժողովում։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը։

Ըստ թերթի տեղեկությունների՝ այս շաբաթ եվրոպացի դեսպանների շրջանում տեղի ունեցած քննարկումները ցույց են տվել, որ Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան հատկապես համառորեն են դիմադրում արագացված սխեմայով անդամակցության շուրջ բանակցություններին։ «Ոչ բոլոր երկրներն են պաշտպանում բոլոր [բանակցային] կլաստերների արագ բացումը։ Որոշ անդամ պետություններ բարձրագոչ հայտարարություններ են արել, սակայն ոչ բոլորն են կիսում այն տեսակետը, որ դա պետք է սկսել այդքան արագ»,- հրատարակությանն ասել է դիվանագետներից մեկը։

«Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան ցանկանում է ընդլայնման հարցում աշխարհաքաղաքական զեղչ ստանալ, բայց դա այդպես չի աշխատում,- ասել է երկրորդ դիվանագետը,- մենք պետք է այդ մասին ասենք մեր ուկրաինացի ընկերներին»։

Հունիսի 15-ին Ուկրաինան բացել է «հիմնական» կամ «ֆունդամենտալ դրույթների» բանակցային կլաստերը, որը ներառում է 5 բանակցային գլուխ՝ արդարադատություն, ազատություն և անվտանգություն, իրավական և հիմնարար իրավունքներ, ֆինանսական վերահսկողություն, պետական գնումներ, վիճակագրություն։ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները կառուցվածքային առումով բաժանված են 33 բանակցային բաժինների։ Այս բոլոր բաժիններով թեկնածու երկրները պետք է իրենց օրենսդրությունը լիովին համապատասխանեցնեն ԵՄ նորմերին։ Դրանից հետո ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը հուլիսին ակնկալում է գործարկել բանակցային գլուխների մնացած չորս կլաստերների շուրջ բանակցությունները։