Լրահոս
Քաղաքական
12:40
24.06.22
468

Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր Սարմեն Ամիրյանը նշանակվել է Իջևանի սպորտդպրոցի տնօրեն: Նա աշխատում էր Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ մեկ հիմնական դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սա այն դպրոցն է, որտեղ սովորել է Նիկոլ Փաշինյանը:

Մեզ ասացին, որ Ամիրյանը բարձրագույն կրթություն չունի, 2000-ականների կեսերին ընդամենը ինչ-որ տեխնիկում է ավարտել, այն էլ` այժմյան ոստիկանապետ Վահե Ղազարյանի մոր հորդորով, որն այդ տարիներին Իջևանի թիվ մեկ դպրոցի տնօրենն է եղել:

Շուրջ տասն օր մենք փորձում էինք Իջևանի քաղաքապետարանից պաշտոնապես ճշտել՝ Սարմեն Ամիրյանն ունի՞ բարձրագույն կրթություն, թե՞ ոչ, և եթե չունի՝ ինչպե՞ս է տնօրենի պաշտոնակատար նշանակվել։ Սակայն այդ տասն օրվա ընթացքում այդպես էլ որևէ հերքող կամ հաստատող պատասխան չստացանք, ինչից կարելի է ենթադրել, որ տնօրենի ԺՊ-ն իսկապես կրթություն չունի, հակառակ դեպքում քաղաքապետարանին ուղղված պարզ հարցին ի պատասխան կարող էին ասել՝ այո, ունի կրթություն, և հարցը փակել` նշելով, թե որ բուհն է ավարտել Սարմեն Ամիրյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե ով է Սարմեն Ամիրյանը և ինչպես է նշանակվել սպորտդպրոցի տնօրենի ԺՊ: Նա մեզ հետ զրույցում նշեց.

«Իջևանի սպորտդպրոցը ՊՈԱԿ է, ունի համայնքային պատկանելություն, ես այդ դպրոցից որևէ տեղեկություն չունեմ, ես չեմ նշանակել նրան»:

Այն հարցին, թե կրթություն չունեցող մարդուն դպրոցի տնօրենի ԺՊ նշանակելն անօրինական չէ՞ արդյոք, մեր զրուցակիցը նշեց.

«Այո, այո, տնօրենն էլ, տնօրենի ԺՊ-ն էլ պետք է բարձրագույն կրթություն ունենան: Բարձրագույն կրթությունը նրանց պարագայում պարտադիր է, եթե մարդը չունի կրթություն, չպետք է տնօրեն նշանակել»»: