Լրահոս
Հասարակական
22:15
23.02.20
75

Մեր «անտեսանելի» թշնամին

Բանակում միջանձնային հարաբերությունների լարվածությունը թուլացնելու կոչեր այս շաբաթ չափից շատ եղան: Մեկ ու կես ամսում 13 զինծառայողի մահվան փաստը հասարակության արդար զայրութն առաջրեց ու բազմաթիվ հարցեր: Ինչո՞ւ պետք է 18-20 տարեկան տղան, որը մեկնել է հայրենիքին ծառայելու՝ մտածի կյանքին վերջ տալու մասին:

Ո՞ւր կորավ բանակի գլխավոր առաքելությունը, որի համար ծնողներն իրենց տղաներին ծառայության են ուղարկում: Բանակում տղան տղամարդ է դառնում: Այո, բանակում ծառայությանը հարմարվելու դժվարություններ լինում են՝ հատկապես առաջին 3-4 ամիսը. սա գիտի յուրաքանչյուր ծառայած տղա: Այո, բանակում կոշտուկներ էլ են առաջանում ու ոչ միայն ոտնաթաթերին, նաև հարաբերություններում. բոլոր վերքերը չէ, որ տեսանելի են:

Ու այդ պահին է, որ զինվորը զգում է ծառայակից ընկերոջ, հրամանատարի, զինվորական հոգեբանի կարիքը: Եվ հաստատ չունի կարիքը գիշերային հրամանատարների բանակի արտոնյալների, որոնք, ցավոք, ամենաարագն են իմանում միջանձնային խնդիրների մասին, օպերատիվ արձագանքում՝ հարաբերություններ պարզելու հարցով իրենց դիմած նորակոչիկներին: Որոշում ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ: 2019-ի հունիսից մինչև 2020-ի փետրվար հայկական բանակում կանխվել է ինքնասպանության ութ դեպք: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը վիճակագրության մասին հայտարարեց այս շաբաթ խորհրդարանում:

Ոչ հակառակորդի կրակոցից մահվան 13 դեպքի մասին Արտակ Դավթյանը ներկայացրեց տվյալներ: Ասաց, որ ութի դեպքում գիտեն մահվան պատճառները: Դավթյանը հրաժարական չի պատրաստվում տալ, չնայած մամուլը պնդում է, որ նրան իշխանությունը վերջին հնարավորությունն է տվել: Պաշտոնից այս շաբաթ հեռացվեցին ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանն ու Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը: Վերջինի պաշտոնանկությունը խիստ տարակուսելի է: Հիմնավորումները՝ անհասկանալի:

Գեներալ-լեյտենանտ Ալեքսանյանը 11 տարի՝ 2009-ից 2020-ը ղեկավարել է անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունը, որը 2019-ի նոյեմբերին անվանափոխվեց բարոյահոգեբանական ապահովման վարչություն: Նրա պաշտոնավարման շրջանում արձանագրված ձեռքբերումը Նիկոլ Փաշինյանն անվանեց պատմական մինիմում: Խոսքը զինված ուժերում 2019-ին մահվան դեպքերի նվազման մասին է:

Չնայած Փաշինյանին անկախ վիճակագիրները անհամաձայնություն են հայտնում: Հիշեցնում են 2011, 13, 14 թվականները, երբ բանակի կորուստներն ավելի քիչ են եղել, քան 2019-ին: Պատմական մինիմում գրանցվել է 2006 թվականին: Այդ տարի բանակում 6 զինծառայող է մահացել: Նրանցից երկուսը զոհվել է հակառակորդի կրակոցից: