Լրահոս
Հասարակական
22:05
23.02.20
69

Հավատարիմ ընկերոջ գազանությունը | սոված, բայց հավատարիմ

Հնդկաստան, 2019-ի հուլիս: Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է մի կին ձեռքի տոպրակը նետում կոյուղին: Կնոջ անհետանալուց րոպեներ անց հայտնվում են թափառող շները: Նրանցից մեկը կոյուղուց հանում է կնոջ նետած տոպրակը, որի մեջ նորածին երեխա է: Շները սկսում են հաչալ, քաշել անցորդների շորերից ուշադրություն հրավիրելու համար: Ի վերջո, նրանց հաջողվում է քաղաքացիներից մեկին ստիպել, որ անտարբեր չանցնի: Նորածին աղջկան տեղափոխում են հիվանդանոց: Բժիշկները ժամեր շարունակ պայքարում են երեխայի կյանքի համար և, փրկում են նորածնին թափառող շների օգնությամբ:

Հայաստան, 2020-ի փետրվար: Երևանի գործարաններից մեկի տարածքում պահակը գետնին ընկած կնոջ է նկատում ու վազում նրա ուղղությամբ: Արյունլվա կինը պատմում է, որ միանգամից մի քանի շուն հարձակվել են իր վրա: Կնոջը շտապ տեղափոխում են հիվանդանոց, պառկեցնում վերակենդանացման բաժանմունքում: Մի քանի վիրահատություն անում: Հայաստանում ու Հնդկաստանում թափառող շներին լավ ու վատ անելու համար չէ, որ ներկայացրի այս պատմությունները: Որևէ մեկը չի հերքում, որ փրկելու փոխարեն, կարող էին նաև նորածնին հոշոտել շները, կամ կծելու փոխարեն օգնել գետնին ընկած կնոջը:

Այստեղ մեղավոր են ոչ այնքան շները, որքան մարդիկ: Քաղաքաբնակները, երբ իրենց տներում կենդանիներ, մասնավորապես, շներ սկսեցին պահել, չէին էլ կարող մտածել, որ այդ մշակույթը իսկական փորձանք է դառնալու: Շները քաղաքներում շատանալու են, մարդիկ, որ կուզեն նրանց պահել՝ ոչ: Հիմա պետությունը ստիպված է մեր հարկերից միլիոններ դուրս գրել թափառող չորքոտանի վտանգը մեզնից հեռու պահելու համար: Երևանի քաղաքապետարանը սեփական բացատրությունն ունի, թե ինչու է մարդու բարեկամ շունը դարձել անկառավարելի հրեշ, որ, հատկապես, վերջին երկու ամիսներին ահ ու սարսափի մեջ է պահում քաղաքացիներին: