Լրահոս
Իրավական
20:01
25.06.25
177

Դարպաս գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է թարմ հետքերով․ մեկ անձ ձերբակալվել է

Img default alt hy

Հունիսի 24-ին` ժամը 19:39-ին, Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարպաս գյուղից ծակած-կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մոտ 40 տարեկան տղամարդ։

ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն «Վանաձոր» բժշկական կենտրոնից. իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժանձնակազմի ներկայությամբ մահացել է։

Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության և Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներ։
Համատեղ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը` ժամը 19:00-ին, Դարպաս գյուղի տներից մեկի բակում տեղի է ունեցել վիճաբանություն 85-ամյա տանտիրոջ և նրա 54-ամյա որդու միջև, որի ընթացքում որդին հայհոյանքեր է հնչեցրել և հարվածներ հասցրել հորը։ Վիճող կողմերին հանդարտեցնելու համար միջամտել է հարևանությամբ բնակվող 19-ամյա մի երիտասարդ: 54-ամյա որդին վիճել է նաև երիտասարդի հետ, նրա հասցեին էլ հնչեցրել հայհոյանքներ։

Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ երիտասարդը ձեռքերով հարվածներ է հասցրել 54-ամյա տղամարդուն, որն էլ ձեռքին եղած դանակով հարձակվել է երիտասարդի վրա: Սակայն երիտասարդին հաջողվել է խլել դանակը և դրանով հարվածներ հասցնել 54-ամյա տղամարդու` Աշոտ Ասլանյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ նա հիվանդանոցում մահացել է։

Երիտասարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: