Լրահոս
Քաղաքական
23:15
05.03.23
138

Ժամանակն է՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն առանց հապաղման դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ. Չալաբյան

Img default alt hy

Ժամանակն է, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն առանց  հապաղման նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը, և դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Ինչպես շատերդ արդեն գիտեք, այսօր Ստեփանակերտից դեպի հարավ, Ղայբալու կոչվող տարածքում (ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում), թշնամու դիվերսիոն խումբը կրակ է բացել հայկական ոստիկանական մեքենայի վրա, որի արդյունքում ոստիկանության երեք սպաներ զոհվել են, մեկը ծանր վիրավոր է:

Մեր ոստիկանները դիմադրություն են ցույց տվել թշնամուն, նրանց հետագայում միացել են մոտակա դիրքերում գտնվող հայ զինծառայողները, արդյունքում թշնամին մարտի դաշտում մոտ 8-10 զոհ է թողել: Թշնամական պրոպագանդան արդեն սկսել է ոռնոցը, պահանջելով Պաշտպանության բանակի զինաթափում, և սպառնալով նոր մարտական գործողություններ սկսել Արցախի քաջարի ժողովրդի դեմ:

Կարծում եմ, որ ժամանակն է, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն առանց հապաղման նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը, և դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ: ՄԱԿ Միջազգային արդարադատության դատարանի որոշումից արդեն երկու շաբաթ է անցել, թշնամական պետությունը, փորձելով ամեն գնով խուսափել նրա որոշումը կատարելուց, գնում է հնարավոր և անհնարին բոլոր սադրանքներին: Մենք պետք է կանխենք դա, և դերև հանենք թշնամու բոլոր փորձերը՝ զինաթափելու և արդյունքում հայաթափելու Արցախը:

Մինչ այդ, իմ ցավակցությունն եմ հայտնում այսօր զոհված ոստիկանների հարազատներին, և զորակցությունը Պաշտպանության բանակին, որը աննկարագրելի բարդ պայմաններում շարունակում է կատարել մեր ժողովրդի պաշտպանության իր կարևորագույն առաքելությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5-ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: