Լրահոս
Միջազգային
20:23
14.07.26
218

Նեթանյահուն սպառնացել է Իրանին աննախադեպ հզոր հարված հասցնել Իսրայելի վրա հարձակվելու դեպքում

Img default alt hy

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման՝ Իրանի շուրջ էսկալացիայի նոր փուլի լույսի ներքո։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ սպառնալով իսլամական հանրապետությանը աննախադեպ հզոր հարվածով, եթե վերջինս առաջինը հարձակվի իր երկրի վրա։

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Ես կարող եմ ձեզ ասել միայն մեկ բան, և ես դա կասեմ Իրանի առաջնորդներին. «Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ հանգիստ կանցնի, եթե հարձակվեք մեզ վրա։ Հույս մի ունեցեք կրկնության վրա։ Որովհետև կրկնություն չի լինելու, իսկ այն, ինչ եղել է, առանց այն էլ բավականին հզոր էր։ Սա (հնարավոր նոր հարվածը - խմբ.) կլինի ինչ-որ այլ բան, շատ ավելի հզոր»,- պնդել է նա երկրի հարավում գտնվող Դիմոնա քաղաքում անցկացված համաժողովի ժամանակ, որտեղ տեղակայված է միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնը։ Վարչապետի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։

«Անցել են ժամանակները, երբ ինչ-որ մեկը մեզ ցավ էր պատճառում, իսկ մենք նույնով չէինք պատասխանում։ Մենք այդպես ենք վարվել Իրանի «չարիքի առանցքի» հետ և այդպես ենք վարվելու յուրաքանչյուրի հետ, ով մեզ վնաս կպատճառի։ Հենց դա էլ մենք անում ենք»,- հավելել է Նեթանյահուն։

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։ Նա Թեհրանին մեղադրեց երկկողմ պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Իսլամական հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հուլիսի 13-ին հայտարարել է, որ Թեհրանը ոչ մի անգամ չի խախտել Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը, և դրա չկատարման ողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։