Լրահոս
Միջազգային
14:00
12.07.26
240

ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico

Img default alt hy

Ամերիկա-իրանական երկխոսության ձախողման և Իսլամաբադի հուշագիրը չկատարելու մեղքը կարող է ընկնել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վրա՝ որպես Թեհրանի հետ բանակցությունների կենտրոնական մասնակցի։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է ամերիկյան «Politico» թերթը։

«Հենց նա (Վենսը – խմբ.) է ամենաշատը ռիսկի դիմում։ Փոխըմբռնման այս հուշագիրը, ըստ ամենայնի, ձախողվելու է, և դրա պատասխանատվությունը նրա վրա է», - մեջբերում է պարբերականը Սպիտակ տան նախկին պաշտոնյայի խոսքերը։

Նա նաև հայտարարել է, որ հուշագրի դրույթների խախտումն անխուսափելի էր, քանի որ դրանում արտացոլված չեն եղել հիմնական կետերը՝ Լիբանանում հրադադարի պայմանները և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը։

Իր հերթին, մեկ այլ պաշտոնյա «Politico»-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքի պայմանները կատարելու Իրանի պատրաստակամության վերաբերյալ Վենսի սկզբնական կասկածները օգնել են նրան ամրապնդել իր քաղաքական դիրքերը։ Այնուամենայնիվ, հանրապետականներից շատերը վստահ են, որ փոխնախագահը միևնույն է հայտնվելու է այն մարդկանց շարքում, որոնց մեղադրելու են, եթե հակամարտության սրումը լուրջ տնտեսական դժվարություններ առաջացնի։

Հուլիսի 12-ի գիշերը ամերիկացի զինվորականները Իրանի ուղղությամբ սկսել են հզոր հարվածների շարք։ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ դա արվել է իբր ի պատասխան Հորմուզի նեղուցը հատող առևտրային նավերի դեմ Իսլամական Հանրապետության գործողությունների։ Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմակայանների ուղղությամբ պատասխան հարվածների մասին։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիրը չպահպանելու մեջ։