Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:15
13.07.26
672

Գագիկ Ծառուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի․ Դեմիր Սյոնմեզ

Img default alt hy

Շվեյցարաբնակ ճանաչված լուսանկարիչ և իրավապաշտպան, ծագումով հայազգի Դեմիր Սյոնմեզը, հաջակցություն ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի, բաց նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

Լրագրող Վարդուհի Մելտոնյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այն՝ կից ներկայացնելով նամակից մի հատված։

«Պարոն Ծառուկյանի առանձնատանը կատարված խուզարկության կադրերը չափազանց մտահոգիչ են և դժվար ընդունելի՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների սկզբունքների տեսանկյունից։

Դատելով այն ամենից, ինչ ես տեսա լրատվամիջոցների հրապարակած կադրերում՝ պարոն Ծառուկյանի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը կոպտորեն ոտնահարում էր մարդկային արժանապատվությունը և խորը մտահոգություններ առաջացնում։

Միևնույն ժամանակ, ապշեցուցիչ էր այն հանգստությունն ու արժանապատիվ կեցվածքը, որ ցուցաբերեց պարոն Գագիկ Ծառուկյանն իր ձերբակալության ժամանակ։ Իմ կարծիքով` հրապարակված կադրերում նրա ժպիտը լիովին մարդկային և խորհրդանշական արձագանք էր։ Այդ ժպիտը կարելի է մեկնաբանել որպես նշան այն բանի, որ նա թույլ չտվեց` իրեն պատի վախը իր դեմ ձեռնարկված քայլերի առաջ, և որ նա լուռ, բայց տպավորիչ կերպով արտահայտում էր տեղի ունեցածի ողբերգակատակերգական բնույթը։

Երբեմն ծիծաղը միայն երջանկության արտահայտություն չէ։ Ծիծաղը խաղաղ դիմադրության մի ձև է, որը բխում է մարդկային հոգու խորքից՝ ընդդեմ ճնշման և անարդարության։ Այս իմաստով ծիծաղը հեղափոխական արարք է»,-նամակում գրել էր հայտնի ֆոտոլրագրողը' ընդգծելով, որ Գագիկ Ծառուկյանը պետք էր անհապաղ ազատ արձակվի։

Վարդուհի Մելտոնյանը նաև նշել է, որ Դեմիր Սյոնմեզը նամակն ուղարկել է 120.000 էլեկտրոնային հասցեների, փոխանցել է արտասահմանյան բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցների, լրագրողական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների։