Լրահոս
Հասարակական
13:07
06.03.23
123

Թշնամին հայ ոստիկաններին դարանակալել էր իր առաջապահ դիրքերից 1 կմ հեռավորության վրա. «Հետք»

Img default alt hy

«Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ մարտի 5-ին ադրբեջանցի դիվերսանտները սպանել են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության 3 աշխատակցի ու վիրավորել մեկին:

Հիշեցնենք, որ առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Ալիևյան քարոզչամեքենան այնքան է շտապել, որ խճճվել է իր իսկ ստերի սարդոստայնում՝ ներկայացնելով, թե իբր Հայաստանից Արցախ եկող ռազմական բեռն ու անձնակազմը տեղափոխվում են «Խանքենդի (Ստեփանակերտ)-Խալֆալի-Տուրշսու (Լիսագոր) գրունտային ճանապարհով»:

Բանն այն է, որ ադրբեջանցի դիվերսանտների թիրախում հայտնված հայ ոստիկանների «ՈւԱԶ» մեքենան հենց Ստեփանակերտից էր մեկնում դեպի Շուշիի շրջան (այսինքն՝ Արցախ-ՀՀ և ոչ թե ՀՀ-Արցախ ուղղությամբ), հետևաբար անհնար էր դրանով ռազմական բեռի ու անձնակազմի տեղափոխումը Հայաստանից Արցախ: Ավելին՝ ինչպես նկատել է ՀՀ ԱԳՆ-ն, «Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել և չեն կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում»: Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ Ստեփանակերտից Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղեր (Բերդաձորի ենթաշրջան) մեկնող արցախցի ոստիկանների մեքենայում եղել են միայն ծառայողական փաստաթղթեր ու նրանց տաբելային զենքը:

Համադրելով տեսանյութը տեղանքի քարտեզի հետ՝ «Հետքը» տեղորոշել է այն վայրը, որտեղ տեղի է ունեցել ադրբեջանցիների հանցագործությունը: Ադրբեջանցիների հանցագործությունը տեղի է ունեցել Շուշիի շրջանի նախկին Խալֆալի և Դյուքանլար բնակավայրերի մոտ՝ Ղայբալիշենից ուղիղ գծով 3,5 կմ, իսկ Ստեփանակերտի Քրքջան (Կրկժան) թաղամասից՝ 6 կմ հարավ-արևմուտք: