Լրահոս
Տարածաշրջան
15:41
22.06.22
192

Թուրքիայի նախագահը Անկարայում ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Img default alt hy

Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 22-ին ընդունելու է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Hurriyet.com.tr»-ն:

Այս տարվա ապրիլի 28-ին Թուրքիայի նախագահի` Ջիդդա կատարած այցով նոր դարաշրջան սկսվեց Թուրքիա-Սաուդյան Արաբիա հարաբերություններում։

Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ բին Սալմանն Անկարա է այցելում մեծ պատվիրակությամբ։

Էրդողանը և Սալմանը նախ հանդիպելու են Բեշթեփեում, այնուհետև տեղի է ունենալու երկկողմ պատվիրակությունների հանդիպումը՝ համապատասխան նախարարների և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։

Բանակցությունների ընթացքում կգնահատվեն երկու երկրների հարաբերություններն իրենց բոլոր հարթություններով։

Բանակցությունների հիմնական օրակարգը լինելու է տնտեսությունը։

Քննարկվելու են տարբեր ոլորտներում՝ առևտրից մինչև զբոսաշրջություն, առողջապահությունից մինչև պաշտպանական արդյունաբերություն համագործակցությունը մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Այս համատեքստում ակնկալվում է տարբեր համաձայնագրերի ստորագրում Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջև: