Լրահոս
Առողջապահական
09:30
04.03.23
165

Քթի և ըմպանի գործառույթները շնչառական համակարգերի աշխատանքում

Img default alt hy

Քիթը հոտառության համար պատասխանատու գլխավոր օրգանն է, իսկ ըմպանը ապահովում է սնունդն ու հեղուկներն ապահով կուլ տալու գործընթացը:

Քիթն ու ըմպանն ունեն նաև այլ գործառույթներ, որոնցից առաջնայինը օդի տեղափոխումն է դեպի թոքեր:

Քիթը, կոկորդը և ականջները միմյանց հետ փոխկապված օրգաններ են, ուստի դրանցից մեկում առաջացող խնդիրը կարող է տարածվել դեպի մյուս երկուսը, գրել է Aysor.am-ը։

Երբ շնչում եք, մեր քիթը մաքրում է օդը օտար մասիկներից (օրինակ՝ փոշուց), տաքացնում և խոնավացնում է օդը՝ մինչև այն կհասնի թոքեր:

Այս գործառույթներն իրականացվում են քթային անցուղիների և ըմպանի լուսանցքը պատող բարակ խոնավ լորձաթաղանթի օգնությամբ:

Քթի լորձաթաղանթի բջիջները նաև զգում են հոտերը և գլխուղեղ ուղարկում ազդանշաններ, որի շնորհիվ մարդը զգում է դրանք և սկսում միմյանցից տարբերել այդ հոտերն ու համերը:

Մյուս կարևոր օրգանը՝ ըմպանը (ֆարինքս) տեղակայված է քթի և բերանի հետևում: Այն կապված է ինչպես քթի, այնպես ել բերանի խոռոչի հետ:

Ըմպանը մկանային խողովակ է, որը տեղափոխում է սնունդ և հեղուկ, ինչպես նաև օդ: Երբ դրանք ըմպանով իջնում են ներքև, հանդիպում են երկու ելքի՝ դեպի կերակրափող կամ դեպի կոկորդ:

Կերակրափողը մկանային խողովակ է, որն ըմպանը միացնում է ստամոքսի հետ և դեպի ստամոքս տեղափոխում ընդունած սնունդը և հեղուկները:

Բնական է, որ վերոնշյալ խաչվող ուղիներում օդը և սնունդը պետք է որևէ կերպ միմյանցից առանձնանան: Սա կատարվում է մակկոկորդի միջոցով, որը ըմպանի ետևում տեղակայված և կոկորդի մուտքի վրա կախված փոքր աճառ է: Այն փակում է կոկորդը, երբ մենք կուլ ենք տալիս սնունդը կամ հեղուկները: Ահա թե ինչու կուլ տալու պահին շնչառությունը մի պահ դադարում է:

Այն, որ քիթն ու ըմպանը, քթի հարակից խոռոչները (սինուսներ) և ականջները միմյանց հետ կապված են, նշանակում է, որ դրանց հետ կապված խնդիրներն ու վարակը կարող են մի շրջանից անարգել տեղափոխվել մյուսը: Դա է պատճառը, որ ընդհանուր մրսածությունը և շնչառական համակարգի մի շաչք հիվանդություններ կարող են վերածվել հարքթային խոռոչների (սինուսիտ), ըմպանի (ֆարինգիտ) կամ ականջի վարակային բորբոքման:

Անհրաժեշտ է անհապաղ այցելել քիթ-կոկորդ-ականջաբանի, եթե ախտանիշները շարունակվում են մեկ շաբաթից ավելի կամ հիվանդն ունենում է այլ գանգատներ ևս, օրինակ՝ բարձր ջերմություն կամ մաշկային ցան: