Լրահոս
Քաղաքական
19:09
23.12.25
230

Մեծ հավանականությամբ Հայաստանում ընտրական ցիկլը կանցնի «առանց» ԱՄՆ դեսպանի. Հակոբ Բադալյան

Img default alt hy

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Միացյալ Նահանգների դեսպան Քվինը հունվարի կեսին կավարտի իր առաքելությունը Հայաստանում, հայտնել է ԱՄՆ դեսպանատունը: Հիշեցնեմ, որ նախօրեին եղավ տեղեկությունը, թե Դոնալդ Թրամպը հետ է կանչում մոտ երեք տասնյակ դեսպանի՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Հայաստանից: Փաստացի, խոսքը Բայդենի վարչակազմի ժամանակ նշանակված դեսպանների մասին է: Հիշեցնեմ նաև, որ Վրաստանում ու Ադրբեջանում ԱՄՆ իր դեսպաններին փոխել է դեռևս մայիս-հունիսին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի մասով կա մի հետաքրքիր հանգամանք: Իհարկե դա գուցե չունի ինչ որ առանձնահատուկ նշանակություն, սակայն, եթե հունվարին դեսպանն ավարտում է իր առաքելությունը, ապա կստացվի, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ընտրական պրոցեսի ընթացքում Հայաստանում չի ունենա դեսպան, ներկայացված չի լինի դեսպանի մակարդակով:

Համենայն դեպս, նոր դեսպանի նշանակումը կպահանջի ամիսներ, ինչը նշանակում է, որ մեծ հավանականությամբ ընտրական ցիկլը կանցնի «առանց» ԱՄՆ դեսպանի: Այլ կերպ ասած, կլինի գործերի ժամանակավոր հավատարմատար, ինչը դիվանագիտական ներկայության ցածր աստիճան է, քան դեսպանը:

Ի դեպ, գուցե ավելորդ ինֆորմացիա չէ այն, որ ԱՄՆ Հայաստանի ընտրական պրոցեսում դեսպան չի ունեցել 2007-08 թվականներին: Դեսպան Ջոն Էվանսը ժամանակից շուտ ավարտեց պաշտոնավարումը հայերի ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումից տարբերվող խոսքերի պատճառով, արժանանալով ի դեպ պետքարտուղարության՝ «Կառուցողական անհամաձայնություն» պարգևի»: Ջոն Էվանսը ավարտեց պաշտոնավարումը 2006 թվականին: Դրանից հետո՝ մինչև 2008 թվականի սեպտեմբեր, ԱՄՆ Հայաստանում չի ունեցել դեսպան ու եղել են գործերի ժամանակավոր հավատարմատարներ:

Ի դեպ, օրեր առաջ, հենց Ջոն Էվանսն էր հերթական անգամ անկեղծացել՝ օգոստոսի 8-ի վաշինգթոնյան ակտի վերաբերյալ գնահատականի հարցում, փորձագետ Թոմ դե Վաալի մի գրառման ներքո թողնելով մեկնաբանություն, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում «բուլդոզերով անցան Հայաստանի վրայով»»: