Լրահոս
Քաղաքական
21:15
27.11.25
157

ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունն ընդունել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հեղինակած Շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևը

Img default alt hy

Նոյեմբերի 27-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության  Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր համաժողովի 21-րդ նստաշրջանը: Դրա շրջանակներում միաձայն ընդունվել է Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների կողմից համատեղ ներկայացված «Շրջանաձև տնտեսություն` ներառական և կայուն զարգացման համար» խորագրով բանաձևը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ բանաձևի նպատակն է խթանել շրջանաձև տնտեսությունը՝ ուղղված ավելի կայուն, դիմացկուն և ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա հիմնված արդյունաբերական զարգացմանը:

Բանաձևում հատուկ շեշտադրվում է, որ զարգացող երկրներին անհրաժեշտ է աջակցել շրջանաձև տնտեսության ներդրմանն ուղղված ջանքերում`  ֆինանսավորման, կարողությունների զարգացման, տեխնոլոգիաների փոխանցման և նորարարական լուծումների հասանելիության ապահովման միջոցով: Այն կարևորում է միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման գործակալությունների կողմից աջակցության ընդլայնումը: Ընդգծվում է նաև, որ համագործակցության ամրապնդումը կարող է նպաստել զարգացող երկրների արդյունաբերական դիմադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կայուն զարգացման խթանմանը: