Լրահոս
Քաղաքական
15:00
16.06.26
133

TRIPP նախագիծը հարցականի տակ է, իսկ իշխանության քաղաքականությունը՝ անհեռատես․ Նարեկ Մանթաշյան

Img default alt hy

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրել է․ Վերջին օրերին միջազգային մամուլում ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ–Իրան հնարավոր 14 կետանոց համաձայնագիրը։ Եթե անգամ հրապարակված տեղեկությունների միայն մի մասն է համապատասխանում իրականությանը, ապա արդեն իսկ տեսանելի է մեկ կարևոր հանգամանք․ այդ համաձայնության տրամաբանությունը լուրջ հարցականի տակ է դնում այսպես կոչված TRIPP նախագիծը, որը ՀՀ իշխանությունները ամիսներ շարունակ ներկայացնում էին որպես տարածաշրջանի ապագայի գրեթե անխուսափելի սցենար։

Հատկանշական է, որ քննարկվող կետերից առնվազն մի քանիսը հիմնված են Իրանի անվտանգային շահերի ճանաչման և տարածաշրջանում նոր լարվածության օջախների բացառման վրա։ Իսկ դա ուղղակիորեն հակասում է այն գաղափարախոսությանը, որի վրա կառուցվում էր TRIPP նախագիծը։

Սա հերթական անգամ ապացուցում է, թե որքան անհեռատես և իրավիճակի սխալ գնահատման վրա հիմնված է եղել ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։ Փոխանակ առաջնորդվելու Հայաստանի պետական շահերով և հաշվի առնելու տարածաշրջանի բոլոր դերակատարների դիրքորոշումները, նրանք ամիսներ շարունակ հանրությանը ներկայացնում էին արտաքին կենտրոններում ծնված նախագծեր՝ որպես արդեն իսկ կայացած իրականություն։

Այսօր, երբ աշխարհաքաղաքական պայմանները փոխվում են բառացիորեն օրերի ընթացքում, պարզ է դառնում, որ հերթական անգամ իշխանությունները շտապել էին սպասարկել քաղաքական քարոզչությունը՝ այն ներկայացնելով որպես դիվանագիտական ձեռքբերում։

Պետությունը չի կարող կառուցվել ենթադրությունների, ցանկությունների կամ արտաքին հովանավորների ժամանակավոր ծրագրերի վրա։ Պետությունը կառուցվում է իրատեսական հաշվարկի, ազգային շահի և տարածաշրջանային իրողությունների ճիշտ գնահատման վրա։

Իսկ TRIPP-ի շուրջ զարգացող գործընթացները ցույց են տալիս, որ աշխարհաքաղաքականությունը կրկին ավելի արագ է փոխվում, քան ՀՀ իշխանությունների քարոզչական թեզերը։

Եվ ցավոք, դրա գինը սովորաբար վճարում է ոչ թե իշխանությունը, այլ Հայաստանը։