Լրահոս
Քաղաքական
16:40
16.06.26
36

ՀՀ տնտեսությունը զոհաբերվում է ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնյուկտուրային. քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Քանի օր է, որ տեսնում եմ սուպերմարկետներից երջանիկ դեմքով էժան ծաղկեփնջեր տուն տանող մարդկանց: Գեղեցիկ ու տպավորիչ փնջերը իրացվում են «ջրի գնով»: Որովհետեւ, քաղաքական կոնյուկտուրայի բերումով արգելափակվել է դրանց արտահանումը ռուսական շուկա, եւ հիմա «ջրի գնով» իրացվում են Հայաստանում:

Մարդիկ, սպառողները՝ գոհ են, շատերը գուցե՝ երջանիկ: Երջանիկ են անգիտության մեջ: Անգիտություն առ այն, որ իրենք գոհանում են Հայաստանի տնտեսության ավերակների վրա: Հայաստանի տնտեսությունը ըստ էության կազմալուծվում է: Հայաստանի տնտեսությունը զոհաբերվում է ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական կոնյուկտուրային:

Հայաստանում կկառուցեն մի քանի տեխնոլոգիական օբյեկտ, այսպես ասած՝ այթի ոլորտի մասնագետներն էլ իրենց կզգան երջանիկ, ու Հայաստանը կվերածվի երջանիկ սպառողների ու երջանիկ «այթիշնիկների» տարածքի: Այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ ես ոչ միայն բացարձակապես ոչինչ չունեմ այթի ոլորտի դեմ, այդ ոլորտի մասնագետների դեմ, այլ ոլորտը բնականաբար համարում եմ խիստ կարեւոր եւ առանցքային, իսկ մասնագետներին՝ արժեքավոր հանրային շերտ առհասարակ:

Բայց, եթե տնտեսության մասին պատկերացումները սահմանափակում են դրանով, ապա այդտեղ առաջանում է շատ լուրջ պրոբլեմ: Իսկ Հայաստանը տանում են հենց դրան՝ սահմանափակել տնտեսության մասին պատկերացումները այդպիսով: Ընդ որում, ինչպես օրինակ գյուղմթերքի կամ վերամշակող արտադրության ոլորտում Հայաստանը մեծ կախվածություն ունի եվրասիական շուկայից, այսպես ասած՝ այթի ոլորտում էլ նույնչափ եւ ավելի մեծ կախվածություն ունենալու է եվրաատլանտյան միջավայրից:

Այլ կերպ ասած, փոխվելու է ընդամենը կախվածության բնույթն ու աստիճանը՝ բնույթը դառնալու է ավելի արդիական, իսկ աստիճանը՝ ավելի մեծ: Բայց, տպավորությունը լինելու է ավելի «երջանկացնող»»: