Լրահոս
Միջազգային
12:07
16.06.26
120

Հորմուզի նեղուցում նավարկության վերականգնման համար շաբաթներ կպահանջվեն․ FT

Img default alt hy

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումից հետո Հորմուզի նեղուցով լիարժեք նավարկության վերականգնումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մեկ ամիս։ Այս մասին Financial Times (FT) թերթին հայտնել է աշխարհի խոշորագույն տանկերային նավատորմի օպերատոր Mitsui O.S.K. Lines-ի ղեկավար Ձետարո Տամուրան։

Նրա խոսքով՝ նավագնացային ընկերությունները չեն շտապում վերադառնալ աշխատանքի բնականոն ռեժիմին և կսպասեն հաստատման, որ ձեռք բերված պայմանավորվածություններն իսկապես ապահովում են նեղուցով անցման անվտանգությունը։ «Խելամիտ է ենթադրել, որ դրա համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մեկ ամիս», - մեջբերում է թերթը Տամուրայի խոսքերը։

Ըստ Financial Times-ի տվյալների՝ նեղուցի տարածքում դեռևս մնում են հարյուրավոր նավեր, որոնք սպասում են անվտանգ անցմանը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել էին Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է Իրանի ծովային շրջափակման ավարտը ԱՄՆ-ի կողմից, ինչպես նաև անհապաղ և մշտական դադարեցում ռազմական գործողությունների բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը։