Լրահոս
Միջազգային
22:30
16.06.26
75

Իրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նավթի շուկայի և բաժնետոմսերի վրա․ Մերց

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության ձեռքբերումն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նավթի շուկայի և բաժնետոմսերի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մերցը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Յոթնյակի խմբի» (G7) առաջնորդներին տեղեկացրել է Իրանի հետ շրջանակային համաձայնագիր կնքելու մասին։ «Մենք՝ որպես G7-ի գործընկերներ, միաձայն և վճռականորեն ողջունեցինք այս համաձայնագիրը։ Այս պայմանավորվածությունն այժմ տարածաշրջանի կայունացման և համաշխարհային տնտեսության վերականգնման լուրջ հնարավորություն է բացում»,- արձանագրել է կանցլերը։

«Ի դեպ, երեկվանից մենք դա նկատում ենք շուկաներում՝ թե՛ ֆոնդային, թե՛ նավթի գների դինամիկայում։ Այժմ մենք գտնվում ենք մեկ բարել նավթի դիմաց մոտ 80 դոլար մակարդակում։ Սա իսկապես դրական դինամիկա է, և այն ցույց է տալիս, որ այստեղ, ակնհայտորեն, հաջողվել է լավ արդյունքների հասնել, և դրանք դրական արձագանք են գտնում»,- ընդգծել է Մերցը։

Միևնույն ժամանակ, նա պնդել է, որ «այժմ անհրաժեշտ է հնարավորինս շուտ անցնել բանակցությունների երկրորդ փուլին»։ «Մասնավորապես, Հորմուզի նեղուցը պետք է բացվի արագ և առանց որևէ սահմանափակման, իսկ Իրանը պետք է ավարտի իր միջուկային ծրագիրը՝ հետագա ստուգումներ իրականացնելու հնարավորությամբ։ Համաձայնեցված խաղաղությունը պարզապես պետք է հաստատուն լինի, այդ թվում՝ Լիբանանում»,- պնդել է ԳՖՀ կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ խոստացել է ԱՄՆ նախագահին, որ «Գերմանիան ցանկանում է իր ներդրումն ունենալ այդ խաղաղության կայացման գործում»։ «Դա կարող է ներառել նաև մեր օգնությունը ռազմական միջոցներով՝ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը երկարաժամկետ հիմունքներով ապահովելու համար, հենց որ դրա համար ստեղծվեն համապատասխան պայմաններ, որոնք ձեզ բոլորիդ հայտնի են»,- ամփոփել է ԳՖՀ կանցլերը։

Պատասխանելով այն հարցին, թե «արդյո՞ք Իրանի հետ համաձայնագիրը կարելի է իսկապես հաջողություն անվանել, որքա՞ն արագ Բունդեսթագը կկարողանա գործարկել Հորմուզի նեղուցում ռազմական գործողության մանդատի հաստատման ընթացակարգը և արդյո՞ք ՄԱԿ-ի մանդատը խստորեն պարտադիր է», Մերցը նշել է, որ «վերջին երկու հարցերի վերաբերյալ դեռևս քննարկումներ են սպասվում ինչպես ԳՖՀ կառավարությունում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, Բունդեսթագում»։ «Այս պահին դրա համար պայմանները դեռևս կատարված չեն։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք մասնակցել։ Մենք, ի վերջո, արդեն իսկ առաջին ականորս նավերը ուղարկել ենք այդ տարածաշրջան»,- ընդգծել է ԳՖՀ կանցլերը։

«Մենք պատրաստ ենք, բայց որոշումներ դեռ չենք կայացրել՝ ո՛չ դաշնային կառավարությունում, ո՛չ խորհրդարանում։ Իհարկե, մեզ անհրաժեշտ է նաև պարզաբանել իրավական հիմքերը։ Այս հարցը մենք դեռ վերջնականապես չենք քննարկել»,- եզրափակել է ԳՖՀ կառավարության ղեկավարը։ «Այն ամենը, ինչ մենք լսում ենք Իրանից, վկայում է այն մասին, որ Իրանն ընդունում է դա, քանի որ պարզապես ստիպված է ընդունել, որ ամերիկյան ռազմական գերակայությունը նրան այլ ընտրություն չի թողնում»,- պնդել է Մերցը։