Լրահոս
Միջազգային
16:08
16.06.26
117

Թուրքիան պատրաստ է միջնորդել ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլում. Հաքան Ֆիդան

Img default alt hy

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հետագայում ևս բանակցություններ անցկացնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև և առաջնահերթություն է համարում դիվանագիտությանը վերադառնալը։ Այս մասին նա ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Բանակցությունների ընթացքում մենք արտահայտեցինք մեր ցանկությունը, որպեսզի Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի խաղաղ ճանապարհով։ Ես նաև հաստատեցի բանակցությունների հետագա փուլերն անցկացնելու մեր պատրաստակամությունը։ Մեր երկրի հիմնարար առաջնահերթությունը Ռուսաստանի և Ուկրաինայի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է։ Եթե կողմերը համաձայնության գան, մենք պատրաստ ենք քննարկել, թե ինչպես կարելի է բանակցությունները առաջ մղել ավելի արդյունքի վրա կենտրոնացած հունով»,- ասել է Ֆիդանը։

Նա նաև հայտարարել է, որ վերջին շրջանում դիտվող «պատերազմի էսկալացիան և դրա աշխարհագրական տարածման վտանգը լուրջ մտահոգություն են առաջացնում»։

«Մասնավորապես, թիկունքում թիրախների վրա հարձակումների թվի ավելացումը և Սև ծովում նավագնացության անվտանգությանը սպառնացող, երրորդ երկրների շահերին վնաս հասցնող հարձակումները պահանջում են լարվածության նվազեցմանն ուղղված որոշակի միջոցների ձեռնարկում»,- ասել է Ֆիդանը։