Լրահոս
Քաղաքական
18:40
21.06.22
263

Ինչ կարգավիճակում էլ լինենք, շարունակելու ենք պայքարը՝ հանուն երկրի փրկության․ Թագուհի Թովմասյան

Img default alt hy

Այսօր Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Խմբակցության ղեկավարը հրաժարվեց պատգամավորական մանդատից: Այս մասին գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Կհիշեք՝ մանդատները ողջ ընդդիմադիրներով վայր դնելու, հաջորդաբար որևէ մեկի կողմից դրանց չվերցնելու նպատակահարմարության հարցը բարձրացրել էի դեռ նախորդ տարի նոյեմբերին և տարբեր առիթներով խոսել եմ այն մասին, որ մեր երկիրը ձևով խորհրդարանական է, իսկ բովանդակությամբ՝ ոչ:

Բայց նույնիսկ այդ պայմաներում, կարծում եմ, բոլորդ եք համոզվել, որ անկուսակցականի կարգավիճակով պատգամավորական իմ մանդատը այս տարիներին ծառայել և ծառայում է բացառապես ՀՀ քաղաքացուն և նրա իրավունքների պաշտպանությանը:

Այս օրերին Վարդենիսում եմ, հույս ունեմ՝ մաքուր, սառը օդը կօգնի առավել արդյունավետ որոշում կայացնել: Բայց ինչ որոշման էլ հանգեմ, բխելու է ՀՀ քաղաքացու շահերից և հաշվետու կլինեմ ձեզ:

Շնորհակալ եմ մեր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին՝ միասին անցած կարճ, բայց լուրջ պայքարի ճանապարհի համար: Ես էլ իմ հերթին վստահ եմ, որ ինչ կարգավիճակում էլ լինենք, դեռ շարունակելու ենք պայքարը՝ հանուն երկրի փրկության և հայ ժողովրդի բարեկեցության: Սուտը չի կարող հավերժ իշխել»: