Լրահոս
Սփյուռք
23:34
18.09.22
165

Հոգեհանգստյան կարգ՝ Բաքվի վերջին ագրեսիայի ժամանակ զոհված զինծառայողների հոգիների համար

Img default alt hy

Անթիլիասի Մայրավանքում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Հայաստանի դեմ Բաքվի սանձազերծած վերջին ագրեսիայի ժամանակ հայոց բանակի զոհված զինծառայողների հոգիների խաղաղության համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Կիրակի, 18 Սեպտեմբեր 2022-ին, նախագահութեամբ Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս. և Անմահ Պատարագի աւարտին կատարուեցաւ հոգեհանգստեան կարգ՝ Հայաստանի դէմ Ազրպէյճանի շղթայազերծած յարձակումներուն հետևանքով հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած և իրենց կեանքը զոհաբերած հայոց բանակի քաջարի զինուորներու հոգիներուն խաղաղութեան համար։

Հոգեհանգստեան արարողութեան ներկայ էին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան, ընկերակցութեամբ դեսպանատան անձնակազմին:

Ինչպէս ծանօթ է, ազերի բանակին յարձակումներէն անմիջապէս ետք, Նորին Ս. Օծութիւնը իր դիմատետրի էջին մէջ միասնականութեան և համաժողովրդային ու համահայկական դիմադրութեան կոչ ուղղեց՝ Ազրպէյճանի մէջ: Յաջորդ օրը, Վեհափառ Հայրապետին հրաւէրով, Անթիլիասի Մայրավանքին մէջ, տեղի ունեցաւ համասփիւռքեան կառոյցներու ներկայացուցչական հանդիպում: Ապա, Վեհափառ Հայրապետը թելադրեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերու եկեղեցիներէն ներս հոգեհանգիստ կատարել՝ նահատակ հայորդիներու հոգիներու խաղաղութեան և աղօթք՝ վիրաւոր հայորդիներու շուտափոյթ ապաքինման համար:

Ս. Պատարագէն ետք, Հայրապետը պատասխանելով Cilicia TV-ի հարցումներուն՝ ըսաւ. «Հոգեհանգիստ՝ նահատակուած զինուորներուն, աղօթք՝ վիրաւորներուն շուտափոյթ ապաքինման և դատապարտութիւն՝ Ազրպէյճանի բարբարոսային յարձակումին Հայաստանի Հանրապետութեան և իր խաղաղ բնակիչներուն դէմ, բնականաբար իւրաքանչիւր հայուն ազգային պարտաւորութիւնն է: Մեր ազգին համար առաջնահերթ ու սրբազան պարտաւորութիւն է մեր միասնականութեան ամրապնդումը, ինչպէս նաև հայոց բանակի հզօրացումը՝ մէկդի դնելով ներքին տարակարծութիւնները: Մենք չենք կրնար այլևս ուրիշներու շահերուն ենթակայ և աշխարհաքաղաքական պայմաններուն անձնատուր դառնալ: Քաղաքական երկխօսութիւնը, ճկունութիւնը և իրապաշտութիւնը պէտք չէ մեզ առաջնորդեն վտանգելու Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը և անկախութիւնը: Սա մեր ազգին ու հայրենիքին համար կարմիր գիծ է»»,- ասվում է հաղորդագրության մեջ: