Լրահոս
Քաղաքական
15:15
05.03.23
101

Էդմոն Մարուքյանն ահաբեկչություն է որակել Բաքվի դիվերսիան

Img default alt hy

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ահաբեկչություն է որակել Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի կողմից Արցախի ՆԳՆ ոստիկանության ավտոմեքենայի վրա հարձակումը, որին զոհ է գնացել 3 ոստիկան, ևս մեկը վիրավորվել է։

«Այսօր ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել և սպանել է Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկանի, ևս մեկ ոստիկան հոսպիտալացվել է: Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում»,- ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.

Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան

Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան

Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:

ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»։