Լրահոս
Իրավական
17:14
09.03.20
77

Արմեն Թավադյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

Img default alt hy

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը կքննվի վաղը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Նրա փոխանցմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, մերժել է դատախազի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Դատական նիստին մեղադրող դատախազը ներկա չի գտնվել, այդ պատճառով էլ դատական նիստը հետաձգվել է։

Ինչպես արդեն նշել ենք, նախորդ նիստում ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել նաեւ քննիչը, ինչը մերժվել էր։ Քննիչը որպես հիմնավորում նշել էր, թե Ազարյանը հօգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացրել, սակայն հիշեցնենք, որ Ա.Ազարյանը 2018 թվականի օգոստոսին ոչ թե հօգուտ Քոչարյանի որոշում էր կայացրել, այլ վերացրել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը՝ գտնելով, որ նա ունի գործառութային անձեռնմխելիություն, ինչը չի հաղթահարվել։ Այս որոշմանը հաջորդեցին դատավորի նկատմամբ աննախադեպ ճնշումները։

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանը կալանքի տակ է գտնվում 2019 թվականի դեկտեմբերից. 2020 թվականի փետրվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։ Պաշտպանները դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին։

Նշենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառելու համար, դատարանում սուտ ցուցմունք տա։ Նրա դեմ ցուցմունք է տվել Ռ.Քոչարյանի մեկ այլ ենթադրյալ աջակից՝ Վ.Մկրտչյանը, որը նախ ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Ընդ որում՝ վերջինիս եւս նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, մեղադրանք է առաջադրվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն ՀՔԾ քննիչը չի ներկայացրել։

Ա.Թավադյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, հայտարարել է, որ տուժողներին կաշառելու անհրաժեշտություն չկա եւ չի եղել, քանի որ քրեական գործում չկա Ռ.Քոչարյանի դեմ որեւէ ցուցմունք, որը փոխելու կարիք լինի։
Փետրվարի 28-ին ՀՔԾ-ն հայտարարել է գործով նախաքննության ավարտի մասին։

 

Աղբյուր` Փաստինֆո