Լրահոս
Քաղաքական
19:45
24.02.23
175

Թագուհի Թովմասյանը բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի պահանջը չկատարելու խնդիրը

Img default alt hy

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել է միջազգային հանրությանը` Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի պահանջը չկատարելու խնդրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, ներկայացնելով Դատարանի որոշումը` պատգամավորը հղում է արել  Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրության 59-րդ հոդվածին, որի համաձայն` Դատարանի որոշումը պարտադիր է միայն գործին մասնակցող կողմերի համար և միայն տվյալ գործով, ինչպես նաև 60-րդ հոդվածին, որի համաձայն` Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Թագուհի Թովմասյանն արձանագրել է, որ Ադրբեջանը ոտնահարում է նույնիսկ ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի կանոնադրության առանցքային դրույթները: Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ որոշումից անցել է արդեն շուրջ 2 օր, սակայն Ադրբեջանը գործում է հերթական հանցագործությունը` շարունակելով արգելափակել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների` երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հրատապ գրություն է ուղարկել միջազգային իր բոլոր գործընկերներին` ահազանգելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և խնդրելով իրենց մանդատի շրջանակներում նպաստել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման կատարմանը, ինչպես նաև ներկայացնել այս ուղղությամբ նրանց կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվելիք քայլերը: