Լրահոս
Հասարակական
23:58
26.12.25
164

Ստեղծվել է եկեղեցու պաշտպանության համար հարթակ

Img default alt hy

Ստեղծվել է եկեղեցու պաշտպանության համար հարթակ, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Սիրելի հայրենակիցներ,
իշխանության կողմից եկեղեցահալած այս քաղաքականության դրդապատճառները կարող են լինել մի քանիսը՝ սկսած հոգևորից (ուղղափառության դեմ պայքարից) մինչև թուրք-ադրբեջանական մերձեցման հարցում Եկեղեցու խանգարող հանգամանքը: Եկեղեցին, որպես հայի ինքնության պահապան, ինչպես նաև Արցախի հարցով պահանջատեր, Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման պահանջատիրությունը սնուցող ազգային ինստիտուտ ընդունելի չէ թուրք-ադրբեջանական տանդեմի համար:

Իշխանությունները Եկեղեցու թուլացման գործողությունները սկսել են ավելի վաղ՝ մինչև պատերազմը (հիշենք օրինակ՝ կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմության դուրս բերման նախաձեռնությունը, հարկային արտոնությունների վերացման փորձը և այլն):

2025թ․ մայիսից սկսած եկեղեցահալած քաղաքականությունը դրսևորվել է ավելի բիրտ մեթոդներով՝ տարատեսակ քրեական վարույթներով, հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումներով, կալանավորումներով, բերման ենթարկելու, խուզարկելու, իրերն առգրավելու գործողություններով, ինչպես նաև Եկեղեցու ու եկեղեցականների վարկաբեկումով:

Այս համատեքստում պետք է հիշենք, մի քանի կարևոր թեզ՝

1. Նիկոլ Փաշինյանն այն բարի հովիվը չէ, որը ցանկանում է Եկեղեցին բարեփոխել:

Այդ բարեփոխումները չեն նկատվել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության ոլորտներում, այդ թվում՝ երկրի անվտանգության համակարգն ամրացնելու, սիրո և համերաշխության միջավայր ստեղծելու հարցերում։

2. Իշխանությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին:

Նիկոլ Փաշինյանը բացահայտ նախաձեռնել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու գործընթաց: Վերջինիս անմիջական հովանավորությամբ զավթել են Հովհաննավանքը, փորձ են անում զավթել Թալինի Ս․ Աստվածածին Եկեղեցին, հոգևորականներին ստիպում են խախտելու Սուրբ և Անմահ Պատարագի ընթացակարգը՝ զեղչելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հիշատակումը, դրանով իսկ խախտելով նվիրապետական կարգը:

3. Իշխանությունն իրավունք չունի խաղալ ժողովրդի կրոնական զգացմունքների հետ և բախումների համար պայմաններ ստեղծել:

2025թ․ դեկտեմբերի 18-ին ոստիկանության ծառայողների պաշտպանությամբ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները խուլիգանական արարքներով Մայր Տաճարում խանգարել են կրոնական ծեսի իրականացմանը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակն է նաև Մայր Տաճարում պղծություն կատարելը, ինչը չի կարող անհետևանք անցնել:

4. Ամենայն Հայոց կաթողիկոսն անձեռնմխելի է:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկությունն ազդարարող Սահմանադրությունից և Հայաստանի օրենքներից բխում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ունի բացառիկ իրավունքներ: Իշխանության կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միակ գլուխը հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսին ապօրինի քրեական հետապնդումների միջոցով մեկուսացնելու փորձը ծանր հետևանքներ է ունենալու մեր երկրի համար:

*********************
Եկեղեցահալած այս գործողությունների դեմ օրենքով չարգելված միջոցներով հակադարձելու, Եկեղեցուն և եկեղեցականներին պաշտպանելու, ինչպես նաև Մայր Տաճարի զավթման փորձերը կանխելու նպատակով մեր շատ հայրենակիցներ միավորվել են՝ անկախ իրենց քաղաքական կամ այլ հայացքներից:

Իշխանությունների ապօրինի գործողությունների եվ եկեղեցու պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումների մասին տեղեկությունները կտեղադրվեն «Միջնաբերդ» հարթակում՝

Հ․Գ․ 1 Մեզ միանալու համար կարող եք գրել այդ հարթակի կամ անձնական նամակի միջոցով:
Հ․Գ․ 2 Ժողովուրդը պարտավոր է իր Սրբությունները պաշտպանել»․ — գրել է նա: