Լրահոս
Իրավական
14:40
18.06.25
578

Ջալալ Հարությունյանի դատավճիռն անփոփոխ մնաց. նա 5,5 տարով կազատազրկվի

Img default alt hy

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճիռը մնաց անփոփոխ, նա 5,5 տարով կազատազրկվի:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանում 44-օրյա պատերազմում «Ցորի Դ-20» դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով որոշումը։ Դատարանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց անփոփոխ։

Հիշեցնենք` դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5,5 տարվա ազատազրկման։ Նրա փաստաբանները բողոքներ էին ներկայացրել դատարան` կայացրած վճռի դեմ:

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։