Լրահոս
Իրավական
11:45
23.02.23
138

Ի՞նչ է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Արմեն Սարգսյանի վերաբերյալ․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Անցած տարի՝ 2022-ի սկզբին, մամուլում հրապարակում եղավ, որ այդ ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր դեսպան աշխատած տարիներին շուրջ 10 մլն ֆրանկ թաքցրել է՝ չի նշել եկամուտների հայտարարագրում։ Ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը հայտարարեց, թե գումարը հայտարարագրում չի արտացոլվել, քանի որ այդ ժամանակ բանկային հաշիվներին առկա գումարը հայտարարագրելու պահանջ չի եղել, հայտարարագրել է միայն կանխիկ գումարը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ հակադարձել էր, որ պաշտոնյան պետք է հայտարարագրեր իր ունեցած դրամական միջոցները՝ անկախ այն բանից, թե ինչ տեսքով են դրանք պահվել։

Մեկ տարի անց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից փորձեցինք պարզել, թե ավարտին հասցրե՞լ են 1 տարի առաջ սկսած ուսումնասիրությունը և ի՞նչ են պարզել, Արմեն Սարգսյանի կողմից 10 մլն ֆրանկ չհայտարարագրելն իրավաչա՞փ է եղել։ Հանձնաժողովից զարմանալի պատասխան ենք ստացել․ պարզվում է, որ Արմեն Սարգսյանը, ըստ իր իսկ տված բացատրության, այդ 10 մլն ֆրանկը հայտարարագրել է փոխարկված արժույթով՝ որպես եվրո։ Ահա այդ պատասխանը․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է Սարգսյանի և նրա կնոջ կողմից ներկայացված հայտարարագրերի վերլուծություն։

1. Արմեն Սարգսյանն իր՝ 2013 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դրանից հետո ներկայացրած տարեկան հայտարարագրերում շվեյցարական ֆրանկով դրամական միջոցներ չի ներկայացրել։ Այդ ժամանակահատվածում գործող իրավակարգավորումների համաձայն՝ Արմեն Սարգսյանը հայտարարագրել է 8 միլիոն եվրո՝ առանց նշելու դրամական միջոցի կանխիկ կամ անկանխիկ լինելը։ 2019 և 2020 թվականների տարեկան հայտարարագրերում «Բ.6.1. Բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների)» բաժնում Արմեն Սարգսյանը հայտարարագրել է բանկային հաշիվներում առկա գումարը՝ ըստ արժույթի և ծագման աղբյուրի (այս հայտարարագրերում բանկային հաշվին առկա միջոցների նկարագրությունն Արմեն Սարգսյանը նշել է «միջազգային խորհրդատվության վճար»)։

Հանձնաժողովը, ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հետք» լրատվամիջոցի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա մերձավոր ազգականների մասին 2021 թվականի նոյեմբերի 8-ի հրապարակումը, 12.11.2021 թվականի նիստի ընթացքում որոշել է իրականացնել Արմեն Սարգսյանի և նրա կնոջ՝ Նունուֆար Սարգսյանի՝ 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 թվականների տարեկան հայտարարագրերի վերլուծություն: Նախնական վերլուծության արդյունքում առաջացել են պարզաբանման ենթակա հարցեր, որոնք 05.01.2022 թվականին պաշտոնական գրությամբ ուղարկվել են Արմեն Սարգսյանին: Արմեն Սարգսյանը դրանց վերաբերյալ պատասխան է ներկայացրել 24.01.2022 թվականին։ Ստացված պարզաբանումների, ինչպես նաև 2021 թվականի տարեկան և 2022 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի տվյալների համադրության արդյունքում Հանձնաժողովը, հաշվի առնելով հայտարարագրման պահին գործող փոխարժեքը, եկել է այն եզրակացության, որ 10 միլիոն ֆրանկը հայտարարագրվել է փոխարկված արժույթով»։

Արմեն Սարգսյանին վերաբերող մեկ այլ հրապարակում ևս եղավ նույն ժամանակահատվածում, ըստ որի, նա, լինելով ՀՀ նախագահ, միևնույն ժամանակ տնօրենի պաշտոն է զբաղեցրել «VH_ESTATE» կազմակերպությունում, մինչդեռ ՀՀ Սահմանադրությունը նախագահին արգելում է որևէ այլ աշխատանքով զբաղվել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այստեղ էլ խնդիր չի տեսել։ «Արմեն Սարգսյանին ուղարկված վերոնշյալ պաշտոնական գրությամբ Հանձնաժողովը, հիմք ընդունելով Փարիզի առևտրային դատարանի ռեգիստրի հրապարակային տեղեկատվությունը, ինչպես նաև բաց հրապարակային՝ «Siren», «Actulegales» և «Bodacc» տեղեկատվական բազաներում առկա տվյալները, հարցադրում է արել «VH_ESTATE» կազմակերպության վերաբերյալ, որում, ըստ Հանձնաժողովի բացահայտման, Արմեն Սարգսյանն ունեցել է ոչ մասնակից կառավարչի (տնօրեն) կարգավիճակ։

Հանձնաժողովը խնդրել է ներկայացնել վերոնշյալ կազմակերպությունից եկամուտ ստանալու կամ չստանալու վերաբերյալ պարզաբանում, ինչին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ «VH_ESTATE» կազմակերպությունը ոչ առևտրային է, որտեղ ինքը ներգրավված է եղել որպես հասարակական հիմունքներով տնօրեն՝ մինչև 2018 թվականը, և կազմակերպությունից երբևէ չի ստացել եկամուտ, ինչպես նաև հաստատել է իր կողմից ներկայացվածը համապատասխան փաստաթղթերով։ Արմեն Սարգսյանը հավելել է նաև, որ, քանի որ մինչ այդ ժամանակահատվածը ներկայացված հայտարարագրերում չի ունեցել պարտականություն՝ ներկայացնել տեղեկություններ ոչ առևտրային կազմակերպություններում անդամակցության վերաբերյալ, վերոնշյալ կազմակերպության մասով որևէ տեղեկություն չի նշել: Գնահատելով ներկայացված պարզաբանումները՝ Հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ վերլուծության արդյունքներով և ստացված պարզաբանումներով պայմանավորված՝ Հանձնաժողովն օրենքով սահմանված այլ գործողություններ իրականացնելու լիազորություններ չունի»,- պատասխանել են Հանձնաժողովից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։