Լրահոս
Աշխարհ
21:37
25.12.25
214

Հռոմի պապը հույս ունի, որ Ուկրաինայի հարցով երկխոսություն կհաստատվի կողմերի միջև

Img default alt hy

Հռոմի Լևոն XIV պապը Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին ուղղված իր ավանդական Սուրբ ծննդյան ուղերձում հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ և անկեղծ երկխոսություն կհաստատվի՝ հակամարտության կարգավորման համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Մենք աղոթում ենք ուկրաինացի ժողովրդի համար. թող դադարի զինված դիմակայությունը, թող ներգրավված կողմերը միջազգային հանրության աջակցությամբ իրենց մեջ քաջություն գտնեն անկեղծ, ուղիղ և հարգալից երկխոսության մասնակցելու համար», - ասել է քահանայապետը Urbi et orbi («Քաղաքին և աշխարհին») ուղերձում։

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը նաև միասնության կոչ է արել Եվրոպային՝ ընդհանուր քրիստոնեական արմատների և պատմության ոգով։

«Մեզ համար խաղաղությունը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Ամենից առաջ, որովհետև Նա ազատում է մեզ մեղքից, որովհետև Նա ցույց է տալիս մեզ հակամարտությունների՝ բոլոր հակամարտությունների՝ ինչպես միջանձնային, այնպես էլ միջազգային, հաղթահարման ուղին։ Առանց մեղքից ազատ սրտի, առանց ներման մենք չենք կարող լինել խաղաղություն կառուցողներ», - ասել է Հռոմի պապը։

Նա ավարտ է մաղթել բոլոր հակամարտություններին, մասնավորապես՝ Սուրբ Երկրում և Սիրիայում, ինչպես նաև «մոռացված հակամարտություններին» Աֆրիկայի երկրներում, և ավարտ՝ բոլոր ընչազուրկների տառապանքներին: