Լրահոս
Քաղաքական
11:34
29.09.22
140

Հայաստանին զենք չեն մատակարարում. այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից. Նիկոլ Փաշինյան

Img default alt hy

«Երեկ հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն է իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանումների ուղղությամբ հարվածներ է հասցրել»,-կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետը։

Նրա գնահատմամբ՝ սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է։ «Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ  ՀՀ զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց են սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ ՀՀ-ն հնարավորություն չունենա իրականացնել այդ բարեփոխումները:

«Ադրբեջանը, ցավոք, որոշակի հաջողություններ ունի մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով և որտեղ հնարավոր է, փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Դեպքեր ունենք, որ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս ամենը տեղի է  ունենում մեկ նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, ինքնիշխանությունից, մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք: «Բայց ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների՝ մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում և փառք բոլոր հերոսներին, որոնք կանգնած են ՀՀ ինքնիշխանության, անկախության պաշտպանության դիրքերում»,- հայտարարեց Փաշինյանը։