Լրահոս
Քաղաքական
18:25
14.09.22
150

Հայ գիտնականները համաշխարհային հանրութ­յունից պահանջում են դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ

Img default alt hy

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի հանդեպ Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիայի առնչությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«2022 թ. սեպտեմբերի 13-ից ադրբեջանական զինված ուժերը, կիրառելով տար­բեր զինատեսակներ, այդ թվում՝ ծանր հրետանի, ականանետներ ու անօդաչու թռչող սարքեր, զանգվածային կրակ են բացել ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի տարածք­ներում տեղակայված հայկական զինված ուժերի և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, առանձին հատ­ված­ներում փորձել ներթափանցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

Այդ հերթական ագրեսիվ քայլով մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի առաջնորդվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարա­րութ­յան դրույթներով, այլև, օգտվելով ռուս-ուկրաինական առճակատման հետևանքով աշխարհում ստեղծված ներկա բարդ ռազ­մաքաղաքական իրավիճակից, ձգտում է բռնազավթել ՀՀ տարածքը՝ երբեմնի հայկական Նախիջևանի հետ ցամաքային միջանցք հաս­տատելու պատճառաբանությամբ։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դիմում է համաշխարհային հանրութ­յանը՝ պահանջելով ձեռնպահ մնալ անհասցե հայտարարություններից և խստորեն դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու ձեռնարկել իրական միջոցներ իրա­վիճակը կայունացնելու ուղղությամբ»:

Գիտությունների ազգային ակադեմիան իր պատրաստակամությունն է հայտնում հնարա­վոր բոլոր միջոցներով աջակցելու հայրենի երկրի պաշտպանության գործին և,  խիստ կարևորելով ներկա պահին ազգային համերաշխության անհրաժեշտությունը՝ կոչ է անում հանրության բոլոր ուժերին թիկունք լինել Հայոց բանակին՝ միասնաբար հանդես գալ թշնամու դեմ, զինվել հայրենի հողի, Հայոց պետականության պաշտպանության վճռականությամբ և հաղթանակի հավատով։