Լրահոս
Քաղաքական
13:34
28.09.22
102

Էրդողանը ոչ մեկին չի լսում և Ռուսաստանի ազդեցությունն է նվազել Ադրբեջանի վրա․ Քոչարյան

Img default alt hy

Ես չեմ տեսնում, որ Միացյալ նահանգները կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել մեր անվտանգության հետ կապված. դրա հեռանկարն ուղղակի չի երևում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Միացյալ նահանգների և Ֆրանսիայի հայտարարությունները դրական եմ գնահատում։ Նենսի Փելոսիի այցը Հայաստան և հայտարարությունները, որոնք նա արել է, դրական եմ համարում։ Բոլոր քայլերը, որոնք օգնում են մեզ ինչ-որ տեղ ապահովագրվել, ինչ-որ տեղ Ադրբեջանի քայլերը զսպող, այո, դրական եմ համարում։

Ուզում եմ, որ իրատեսական լինենք, Միացյալ նահանգների ազդեցությունը նաև Թուրքիայի վրա շեշտակի նվազել է, Էրդողանը ոչ մեկին չի լսում, և Ռուսաստանի ազդեցությունն է նվազել Ադրբեջանի վրա։ Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարում է, որ որևէ զանգերի հետ հույս չկապեք. ու՞ւմ մասին էր այդ ակնարկը, հասկանալի է չէ՞։ Այս վիճակը մենք պետք է ճիշտ գնահատենք և մի ծայրահեղությունից չընկնենք մյուս ծայրահեղության մեջ»,- նշեց Քոչարյանը։

Ըստ երկրորդ նախագաի՝ տվյալ դեպքում ռեալ հնարավորություններ ունի Ռուսաստանը, որը, սակայն կաշկանդված է ուկրաինական պատերազմով.

«Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը նվազել է նաև մեր պարտության պատճառով։ Այսօր ՌԴ-ն փորձում է նման կարգի հարաբերություններ կառուցել նաև Ադրբեջանի հետ։ Ադրբեջանում Լավրովի հայտարարությունները երբ ուշադիր կարդաք, կտեսնեք՝ ինչ տեղ են տալիս Ադրբեջանին Հարավային Կովկասում իրենց քաղաքականության մեջ։ Հիմա մեղադրանք Ռուսաստանին, թե ինչու է Ռուսաստանը իր ազգային շահերից բխող քայլեր ձեռնարկում, անիմաստ է։

Ռուսաստանի դեմ սրել մեր հանրությունը, ավելի վատ մեզ համար։ Այո, կարող է իրավիճակը փոխվել, մենք պիտի ավելի ակտիվ համոզենք Ռուսաստանին, որ Հայաստանն այս տարածաշրջանում դեռ իրենից բան է ներկայացնում, որ այս քաղաքականությամբ դուք կարող եք կորցնել Հայաստանը։ Պետք է համոզվել, բայց այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։ Մենք ոչինչ չենք անում, հետո ասում ենք՝ ինչու է Ռուսաստանն ավելի ակտիվ հարաբերություններ կառուցում Ադրբեջանի հետ, եթե դու չկաս, բա ինչ անի՞, չզբաղվի՞ այս տարածաշրջանով»։