Լրահոս
Արտաքին քաղաքականություն
10:27
01.07.22
319

Երբ էժանագին PR-ն արդեն խաթարում է միջազգային հիմնարար գործընթացները. Կրեմլի շատ արագ պատասխանը՝ Ալիևի սադրանքին

Img default alt hy

«Արմենպրես»-ը գրում է․

«Կասպյան վեցերորդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևն առիթը բաց չթողեց հերթական անգամ սադրիչ հայտարարություններ անելու համար: Նա իր ելույթում շեշտեց, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում: Ճիշտ է, մինչ այդ Ալիևը դիմեց ակնհայտ մանիպուլյացիայի՝ հայտարարելով, թե տրանսպորտային ենթակառուցվածքներ է կառուցում այսպես կոչված «արևելյան Զանգեզուրում»: Բաքվի առաջնորդն իր հրամանագրով այդպես է անվանում Արցախի Հանրապետությունից 44-օրյա պատերազմի ժամանակ օկուպացրած Կովսականի ու հարակից շրջանների տարածքները և, ըստ էության, «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ուներ հենց այդ հատվածում ակտիվորեն իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները, սակայն փորձեց այնպես ներկայացնել, թե իբր խոսում է Մեղրիի հատվածի մասին: Բացի այդ, Ալիևը հայտարարեց, թե վերականգնում և զարգացնում է Ղարաբաղը:

Նման սադրիչ հայտարարությունները ոչ միայն Հայաստանին էին ուղղված, այլ նաև Արցախում և ՀՀ հարավային սահմաններին կանգնած զինված ուժերը ներկայացնող պետությանը՝ ՌԴ-ին, որի նախագահը մասնակցում էր այդ նիստին: Լիովին սպասելի էր, որ բացման արարողությանը հետևած Պուտին-Ալիև հանդիպման վերաբերյալ Կրեմլի պաշտոնական կայքէջում հրապարակված կարճ հաղորդագրության մեջ պաշտոնական Մոսկվան շեշտել էր արցախյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, ասել է թե՝ նրա կարգավորված չլինելու խնդիրը: Կրեմլի պաշտոնական կայքը մեջբերել էր Պուտինի խոսքի այն հատվածը, որում նա ասում է.

«Բայց ամենակարևորը մեր ծրագրերի իրականացումն է, ավելի ճիշտ՝ մինչև 2024 թվականը մեր համատեղ պլանը։ Մեզ մոտ ամեն ինչը շարժվում է: Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում, և առաջին հերթին՝ ղարաբաղյան կարգավորման հետ կապված։ Մենք այն քննարկել ենք ձեզ հետ, և այժմ հնարավորություն կունենանք էլի քննարկելու այս թեման»:

Ի պատասխան դրա՝ Ալիևը չի բացառել, որ արցախյան հակամարտությունը դեռ լուծված չէ՝ հաստատելով, որ հանդիպումը առիթ է խոսելու տարածաշրջանային խնդիրների և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս հաղորդագրության ենթատեքստերով Կրեմլը ամրագրում է երկու առանցքային միտում՝ արցախյան խնդիրը լուծված չէ, Արցախում Ադրբեջանը որևէ ներկայություն չունի, և որ  տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում ՌԴ-ն առանցքային դերակատար է, քանի որ դրանց վրա տեղակայված են ՌԴ խաղաղապահ և սահմանապահ զորքերը: Այլ կերպ ասած՝ Կրեմլը շատ արագ Ալիևին պատասխանեց, որ վերջինս կապ չունի Արցախի Հանրապետության հետ, և չի կարող միայնակ լուծել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման հարցերը:

Միջանցքի մասին հայտարարությանն արձագանքեց նաև ՀՀ ԱԽ քարտուղարը:

«Պաշտոնական Երեւանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, և ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելն այս մասին ասել են: Կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ միջանցք երբեք չի քննարկվել, բայց ադրբեջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը և բացառեց Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհի դիտարկում:

Ստացվում է, որ Ալիևը մանր սադրանքներով ավելի շատ իր PR-ով է զբաղվում, ինչն ավելի շուտ ուղղված է Ադրբեջանի հասարակության գիտակցության վրա ներազդելուն: Սակայն այն արդեն լրջորեն խաթարում է միջազգային դիվանագիտական գործընթացների տրամաբանությունը և սկզբունքները, ինչն աստիճանաբար մեծացնում է արցախյան խնդրի կարգավորման մեջ ներգրավված երկրների ու կառույցների տարակուսանքը, որը վերջիններս արդեն սկսել են հրապարակային և ուղիղ տեսքով հնչեցնել Բաքվի ուղղությամբ»: