Լրահոս
Հասարակական
23:45
02.07.25
707

Դետեկտիվ ժանրի հետապնդում՝ Երևանում

Img default alt hy

Հունիսի 29-ին, Երևանում տեղի է ունեցել դետեկտիվ ժանրի հետապնդում։

Այդ օրը, ժամը 15-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, ծառայություն կատարելու ընթացքում նկատել են, որ Հանրապետության հրապարակում «Mercedes G» ավտոմեքենայի վարորդը երթևեկում է չամրակապված, հայտնում է Shamshyan.com-ը։

Պարեկները սահմանված կարգով իրենց ծառայողական մեքենայի վրա տեղադրված բարձրախոսով հրահանգել են, որպեսզի վարորդը կանգնի։ Սակայն վերջինս, չենթարկվելով պարեկների օրինական կանգառի հրահանգին, դիմել է փախուստի։

Տեղում որոշվում է, որ անհրաժեշտ է հայտնաբերել օրինախախտ վարորդին, և սկսվում է նրա հետապնդումը։

Վարորդը փախուստի է դիմում Հանրապետության հրապարակից՝ Գրիգոր Լուսավորիչ, Պարոնյան, Լեո, Պռոշյան փողոցներով դեպի Բաղրամյան պողոտա։ Բաղրամյան պողոտայում, տեսնելով, որ այլևս անկարող է շարունակել փախուստը, քանի որ պարեկային երկու ծառայողներ արդեն նրան վերցրել էին շրջափակման մեջ, ավտոմեքենան կանգնեցնում է հանդիպակաց, իջնում է մեքենայից և դիմում փախուստի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ, 25-ամյա Արսեն Պողոսյանն է, ում նկատմամբ այս տարվա մարտին ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հայտարարվել է հետախուզում։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քննչական բաժինը միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանք։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և նա տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։