Լրահոս
Իրավական
18:19
04.07.25
184

Բացահայտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքը. 2 անձ կալանավորվել է. ՔԿ

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՆԳՆ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված պլանավորված և հետևողական աշխատանքների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ, որ 2025 թվականի մարտի 14-ին երկու անձ ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակչուհի Ք.Բ.-ի բնակարան, ատրճանակները պահել են վերջինիս և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել  են ոսկյա զարդեր և գումար, որից հետո Ք.Բ.-ն ննջասենյակից վերցրել և զարդատուփով նրանց է փոխանցել 7 հատ ոսկյա զարդ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությանն օժանդակելը), Գ.Մ.-ի նկատմամբ՝ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Տ.Ու.-ի և Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ազատության մեջ գտնվող Գ.Մ.-ին հայտնաբերելու և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։