Լրահոս
Քաղաքական
19:15
23.02.23
76

Ալեն Սիմոնյանը և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին հյուրընկալել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից, զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ առկա ակտիվ քաղաքական երկխոսությանը: «Ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին մեծապես կարեւորում ենք ԵՄ շրջանակներում համագործակցությունը Ձեր երկրի հետ: Ուրախ ենք Հայաստանում ոչ ռեզիդենտ նոր դեսպան նշանակելու կապակցությամբ: Հուսամ, որ ապագայում մենք կունենաք նաեւ ռեզիդենտ դեսպաններ մայրաքաղաքներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին առնչվող բանաձեւեր ընդունելու, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հայրենադարձմանը վերաբերող բանաձեւի համար: Նա հիշեցրել է, որ մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ: ԱԺ խոսնակը բարձր է գնահատել նաեւ արտգործնախարարի անձնական դերակատարումը միջազգային հարթակներում Հայաստանի համար կարեւորություն ներկայացնող զգայուն խնդիրները պարբերաբար բարձրաձայնելու հարցում:

Հանդիպմանը կարեւորվել է ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը: