Լրահոս
Հասարակական
14:30
16.09.22
93

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 19-ամյա Դավիթ Ներսիսյանը

Img default alt hy

«News.am»-ը գրում է.

«Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Արմենի Ներսիսյանը։

19-ամյա Դավիթը Արարատի մարզի Տափերական համայնքից էր։ 

«News.am»-ի հետ զրույցում Դավիթի դասղեկը՝ Տափերականի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարիետա Ասատրյանը, պատմեց, որ Դավիթը բանակ էր զորակոչվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, դպրոցն ավարտելուց ամիսներ անց։

«Դավիթս շատ բարեխիղճ, ընկերասեր, հարգված ու սիրված աշակերտ էր։ Միշտ աչքի է ընկել համեստությամբ, ուսուցչական անձնակազմի նկատմամբ հարգալից վերաբերմունքով։ Դավիթը խելացի և ընդունակ էր, եթե ինչ-որ խնդիր էր առաջանում, անմիջապես դիմում էինք իրեն, օրինակ, երբ մեքենան խափանվեր, գիտեինք, որ Դավիթն այդ հարցում լավագույնն է, գլուխ էր հանում տեխնիկայից, ուղեղն աշխատում էր։ Այսօր ամբողջ դպրոցը սգում է Դավիթի մահը»,- ասաց Մարիետա Ասատրյանը։ 

Դավիթն ընտանիքի ավագ զավակն էր, իրենից փոքր եղբայր ու քույր ունի։ 

Դավիթ Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ժամը 18։00-ին, Տափերականի Մշակույթի Տանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ 

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 14-ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 14-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռևս վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։