Լրահոս
Հասարակական
14:38
17.11.25
23 025

Ընդդիմությունը պետք է վաղվանից սկսի կոնսոլիդացիան. ինչի հաշվին ՔՊ-ն հաղթեց Վաղարշապատում

Img default alt hy

Երեկ Վաղարշապատում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվեց հաղթանական տանել: ՔՊ-ն ստացավ 15298 ձայն, երկորդ տեղում ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքն է՝ 10051 ձայնով: Զարմանալի է, որ ՔՊ-ն այդքան քվե է ստացել՝ նկատի ունենալով, որ ամփոփիչ հանրահավաքին շատ փոքր թվով մարդ էր մասնակցել: 

Ընտրական գործընթացների մասնագետ Ատոմ Մխիթարյանին հարցրինք, թե ինչի՞ հաշվին ՔՊ-ն կարողացավ հաղթանակ տանել.
«Հիմա կարծիքներ կան, որ որոշակի խախտումներ կային, որոնք, չեմ կարծում, որ մեծ ազդեցություն կարող էին ունենալ: Ինձ թվում է՝ նրանք կարողացան մոբիլիզացնել իրենց ողջ վարչական ռեսուրսը և դա օգտագործել, դա նշանակում է հանձնարարություն վերևից ներքև, որպեսզի բոլոր կողմնակիցներին տանեն ընտրատեղամասներ»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց Մխիթարյանը: 

Դիտարկմանը, որ կան մտավախություններ, որ նույն պատկերը կլինի նաև 2026 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Մխիթարյանը արձանագրեց. «Մանավանդ հիմա այդ մտավախությունը կա, և պետք է հիմա լավ ուսումնասիրել այն մեխանիզմները և այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործվեցին Վաղարշապատում, որպեսզի ընդդիմադիրները կարողանան այլընտրանք առաջարկել, այլապես եթե այս նույն սցենարը կրկնվի, մենք շատ ավելի մեծ կորուստներ ենք ունենալու: Այստեղ մի շատ կարևոր հանգամանք էլ կա, որ պետք է հաշվի առնել, դա այն է, որ, ամեն դեպքում, շատ ձայներ ուղղակի փոշիացան և ավելացան հաղթող ուժին: 

ՔՊ-ն, իհարկե, 50 տոկոսից ավելի քիչ ձայն հավաքեց, բայց, ըստ էության, մեծամասնություն վերցրեց: Դա նշանակում է, որ Հայաստանում այսօրվանից սկսած, առանց րոպե կորցնելու ընդդիմադիր դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերը պետք է գնան համախմբման: Ամենաշատը 2-3 քաղաքական ուժ պետք է ձևավորվի Հայաստանում, կոնսոլիդացիա պետք է տեղի ունենա, որպեսզի ձայները չփոշիանան: 

Օրինակ այս դեպքում այնպիսի հեղինակություն վայելող Խաչիկ Մանուկյանը և այն ուժը, որը էլի որոշակի ազդեցություն ունի հասարակության մեջ՝ «Հայրենիք» կուսակցությունը, չկարողացան 4 տոկոսի շեմը հաղթահարել, ինչը շատ ցավալի է, իսկ այդ 4 տոկոս ձայների կեսից շատը գնաց ՔՊ-ին: Սա ուղղակի անթույլատրելի է, սա ահազանգ է ընդդիմադիր դաշտում գործող նորմալ, խելամիտ ուժերին, որպեսզի կոնսոլիդացիան հենց այսօրվանից սկսեն»: