Լրահոս
Քաղաքական
18:45
01.07.22
297

Ընդդիմադիր պատգամավորների հրաժարականները փաստեցին, որ ընդդիմությունը միասնական է. Գեղամ Մանուկյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է.

«Այսօր Ազգային ժողովում քպականներն իրենց մենությամբ, հազարավոր ոստիկաններով շրջափակված, խիստ խղճուկ էին նայվում: Այսօրվա իրենց նախաձեռնությամբ հերթական անգամ փաստեցին, որ նրանց համար առաջնայինը միայն պաշտոնն է, որ վախեցած են ցանկացած քննադատական խոսքից, որ ընդդիմությունը նրանց մահու չափ սարսափեցրել է, որ ի վիճակի չեն հանդուրժել այլախոհությունը, քննադատությունը:

Իսկ Ազգային Ժողովի փոխնախագահին պաշտոնից հետ կանչելու հիմնավորումները, որով իբր ներկայացնում էին Իշխան Սաղաթելյանի գործունեությունը, շատ ավելի ծիծաղելի էին, և պարզապես նմանակում էին հանրահավաքներից օպեր տեսուչների գաղտնի զեկուցագրերի տեքստերը:

Միակ դրական կողմը, թերևս, այն էր, որ Իշխան Սաղաթելյանի բազմաթիվ ելույթների ծաղկաքաղը քպականներն իրենց շուրթերով հնչեցրին Ազգային Ժողովի ամբիոնից:

Բայց մեկ բան հստակ էր. քպականներն այսօր խուսափեցին այս ամենի պատասխանատվությունն անհատապես իրենց ուսերի վրա վերցնել, այդ իսկ պատճառով որևէ մեկը չհամարձակվեց մոտենալ ամբիոնին և ելույթ ունենալ: Որևէ մեկը չհամարձակվեց հարց ուղղել զեկուցողներին՝ հերթական անգամ փաստելով, որ Նիկոլը նրանց բոլորին ուղղակի օգտագործում է իբրև կոճակ սեղմող, իբրև իր կամայականությունները կյանքի կոչող:

Միաժամանակ, ընդդիմադիր մյուս բոլոր պատգամավորների հայտարարությունները, հրաժարականները փաստեցին, որ ընդդիմությունը միասնական է:

Ողջունում եմ իմ բոլոր գործընկերներին. նրանք գործեցին քաղաքական, արժանապատիվ այրերի նման և իրենց հայտարարություններով ցույց տվեցին, որ այս իշխանությունն իրականում մնացել է ոստիկանական պատնեշներով շրջափակված մենության մեջ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, սեփական երկրում:

Ու փաստենք. սրանց հեռացումն այլընտրանք չունի Հաայստանի և Արցախի արժանապատիվ գոյության ու զարգացման համար: Այս իշխանության հեռացմամբ միայն կկարողանանք շտկել մեր մեջքը և համբերատարությամբ, սիրով ու հաստատակամությամբ մեր երկիրը դուրս բերել նիկոլական աղետից»: