Լրահոս
Միջազգային
21:39
13.11.25
238

Թրամփի և Աշ-Շարաայի հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդը բացահայտել է «ճանապարհային քարտեզը»

Img default alt hy

Սիրիայի և Լիբանանի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Թոմ Բարաքը նշել է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի այցը Վաշինգտոն և Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը վճռորոշ և շրջադարձային պահ են արձանագրում Մերձավոր Արևելքի ժամանակակից պատմության մեջ, ինչը ենթադրում է Սիրիայի աննախադեպ վերափոխում մեկուսացումից գործընկերության։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

«Աշ-Շարաան դարձավ Սիրիայի պետության առաջին ղեկավարը, ով այցելեց ԱՄՆ-ի նախագահի նստավայր 1946 թվականին Սիրիայի անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Հանդիպումը տեղի ունեցավ ի կատարումն Թրամփի մայիսի 13-ին տված խոստման՝ վերացնել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները՝ այդ երկրին իրական հնարավորություն տալու համար»,- հայտնել է Բարաքը։

Նա վերոհիշյալ հանդիպումն անվանել է ջերմ և իմաստալից՝ ընդգծելով, որ երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունն առ այն, որ ժամանակն է օտարացումը փոխարինել ներգրավվածությամբ և իրական հնարավորություն ընձեռել Սիրիայի վերականգնման ու նրա ժողովրդի բնականոն կենսագործունեության համար։