Լրահոս
Հասարակական
23:48
22.07.25
375

«Tesla»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից մեկն անչափահաս է

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:45-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Շերամի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած 3 քաղաքացու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև «Tesla»-ն բախվել է դեպի բարձրահարկ շենք տանող բազալտե աստիճաններին։

Վրաերթի հետևանքով 3 հետիոտները, որոնցից մեկը անչափահաս է, ու «Tesla»-ի վարորդը տեղափոխվել են․ անչափահասը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ չափահասները՝ այլ հիվանդանոց։

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ շտապ օգնության ու փրկարարների ժամանումը վարորդին և վրաերթի ենթարկված քաղաքացիներին օգնության են հասել դեպքի հարևանությամբ բնակվող քաղաքացիները։