Լրահոս
Իրավական
23:57
19.07.25
859

Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի  իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն արձագանքել է օրերս Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարությանը.

«Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով ինքը որևէ տեսակի պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ ինքը սովորական քաղաքացու նման կարծես «ավտոբուսի» ուղևոր է եղել, ապա այդ դեպքում, հարցի զուտ բարոյական կողմին չանդրադառնալով, նրա մեղքի կամ առնվազն իրավական պատասխանատվության մասին օբյեկտիվ հետևության հանգելու համար տուժող կողմը պահանջում է հասարակությանը և քրեական վարույթի մասնակիցներին ներկայացնել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող՝ խոսակցությունները, հանձնարարություններն ամրագրող ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է»։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին կայացած ասուլիսում Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր.

«Դա իր ավտոշարասյունը չէ, դա Հայաստանի վարչապետի «ավտոբուսն է», Հայաստանի վարչապետի անվտանգությունն ապահովող ինստիտուտն է։ Դա էլ իմ հանրային տրանսպորտն է, որ ինձ հատկացված է։ Կան պրոտոկոլներ այդ շարժումն ապահովելու համար, ինչ կապ ունի դա ինձ հետ, ընդհանրապես։

Ես հլը մեքենաներից մեկին ղեկին եղած լինեի..․ հասկանամ՝ ինչ կապ ունեմ դրա հետ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ ու երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ասենք, դուք մետրոյի վերջին վագոնում նստած եք, առաջին վագոնը գնում, մարդ է վրաերթի ենթարկում, ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։