Լրահոս
19:46
30.09.22
507

ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ

Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան, «MediaHub.am»-ի հարցմանն ի պատասխան գրավոր նշել են ՀՀ ՊՆ-ից։ 

«MediaHub.am»-ը ՊՆ-ից հետաքրքրվել է՝ արդյոք պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարե՞լ է, ՌԴ-ն մեզ զենք վաճառե՞լ է, թե՞ մինչ այս պահը հրաժարվում է վաճառել։ Նման հարցում ուղարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հայտարությունից հետո, թե պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին որևէ զենք չի վաճառել, միայն խոստումներ է տվել, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ 

Ներկայացվում է ՊՆ-ի պատասխանն՝ ամբողջությամբ։ 

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված սեպտեմբերի 21-ի Ձեր գրությամբ ներկայացված հարցադրումների, հայտնում ենք՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երբևէ չեն ընդհատվել։ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան»,- նշված է գրավոր պատասխանի մեջ։ 

«MediaHub.am»-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը ևս նշել էր, որ պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարել է:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը, կոնկրետ անուններ չհնչեցնելով, հայտարարել էր, թե ՀՀ դաշնակից երկրները Հայաստանին չեն մատակարարում նախապես գնված զենքը։