Լրահոս
Հասարակական
11:32
14.11.25
1 109

Ովքե՞ր են 700 հազարից ավելի աշխատավարձ ստացող ուսուցիչները, արդյոք նրանք ՔՊ անդա՞մ են

Img default alt hy

Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում կա 2 ուսուցիչ, որոնք 700 հազարից ավելի աշխատավարձ են ստանում: «News. 5tv.am»-ը կառավարությունից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս է հաշվարկվել այդ ուսուցիչների աշխատավարձը, ի՞նչ ծանարաբեռնվածություն ունեն նրանք, և ինչպե՞ս է որոշվել, որ նրանք պիտի 700 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանան: 

Կառավարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են. «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության խրախուսման համար գործում են ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման, տարակարգի, ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված չափաքանակի և գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարների ծրագրերը, որոնց միաժամանակյա կիրառումը հնարավորություն է տալիս ուսուցիչներին շուրջ 700 հազար կամ ավելի չափով վարձատրություն ստանալ:

700 հազար կամ ավելի  չափով վարձատրություն ստացող ուսուցիչները երկուսն են: Նրանք դասավանդում են «Ինֆորմատիկա» առարկա. կամավոր ատեստավորման արդյունքում ցուցաբերել են 90-100 տոկոս արդյունք, ունեն 4-րդ աստիճանի տարակարգ, ստանում են նաև 25% ԲՏՃՄ լրավճար»,- պատասխանել են ԿԳՄՍ նախարարությունից՝ գաղտնի պահելով, թե ովքեր են այդ 2 ուսուցիչները.  «Միաժամանակ հայտնում ենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասնին» ՀՀ օրենքի 7-րդ գլխի 26-րդ հոդվածի պահանջի համաձայն՝ անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձին՝ առանց տվյալ անձի համաձայնության, արգելվում է»: 

Գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք նաև, թե հնարավո՞ր է, որ այդ ուսուցիչները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են նախարարությունը պատասխանել է՝ «չգիտենք». «Տեղեկացնում ենք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը ուսուցիչների քաղաքական դիրքորոշման և կուսակցական անդամակցության վերաբերյալ տեղեկատվության չի տիրապետում»: