Լրահոս
Քաղաքական
09:40
15.06.22
116

Ո՞ւմ հաշվին է ՊԵԿ նախագահը գնացել Եվրոպա՝ դիտելու «Լիվերպուլ»-«Ռեալ» ֆուտբոլային թանկարժեք խաղը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Մայիսի 28-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Եվրոպա՝ «Լիվերպուլ»-«Ռեալ» ֆուտբոլային թանկարժեք խաղը դիտելու: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, թե այդ օրերին «Լիվերպուլ»-«Ռեալ» խաղի տոմսերի գինը հասել է մինչև 7000 եվրո արժողության: Ո՞ւմ հաշվին է ՊԵԿ նախագահը գնացել Եվրոպա:

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցերի պարզաբանման համար դիմել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ խնդրելով հայտնել.

1.Ի՞նչ արժեքով եք տոմսը ձեռք բերել, որպեսզի դիտեք ֆուտբոլային խաղը:

2.Ո՞վ է գնել այդ տոմսը, և ո՞ւմ հետ եք գնացել:

3.Ինչքա՞ն գումար եք ծախսել այդ ճանապարհորդության համար:

Ի պատասխան՝ ՊԵԿ գլխավոր քարտուղարից ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն արձակուրդում գտնվելու ընթացքում արտերկրում ներկա է գտնվել նշված ֆուտբոլային թիմերի հանդիպմանը: Տոմսը ձեռք է բերվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով, ում կողմից էլ ստացվել է հանդիպմանը մասնակցելու առաջարկը:

Տոմսի արժեքը կազմել է 490 եվրո, որը հավաստվում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հավելվածի միջոցով (առանց նշված հավելվածի հնարավոր չէ մուտք գործել խաղադաշտ): Ռուստամ Բադասյանը մեկնել է ընտանիքի անդամի հետ: Ճամփորդության և այլ ծախսերի առանձին հաշվառում չի արվել, բոլոր վճարումները կատարվել են բանկային քարտերով»»։