Լրահոս
Քաղաքական
23:57
27.11.25
276

Նպատակը մաքրագործելը չէ, այլ հենց անարժանապատվությունը «հասարակական նորմի» վերածելը․ Հակոբ Բադալյան

Img default alt hy

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը Տելեգրամ իր ալիքում գրում է․ «Ինչ է կատարվում: Պետական բարձր մակարդակով նորմ է դարձվում անարժանապատվությունը:

Երբ եպիսկոպոսները կամ արքեպիսկոպոսները շարքով ներկայանում են ընդամենը մի նշանակովի պաշտոնյայի եւ լսում նրա քաղաքական ցուցումներն ու նարատիվները, դա անարժանապատվության խրախճանք է, որը ոչ թե մաքրում է եկեղեցին, այլ ապականում է կյանքը:

Սա էմոցիոնալ գնահատական չէ: Նիկոլ Փաշինյանը միանգամայն ռացիոնալ ձեւով գնում է հենց այդ խնդրի լուծմանը: Եկեղեցին այդ հարցում կարեւոր «բաստիոն» է: Հարցն այն չէ, որ մինչեւ Փաշինյանի արշավը եկեղեցին կազմված էր բյուրեղյա մաքրության հոգեւորականներից: Չկա այդպիսի եկեղեցի՝ որպես ինստիտուտ, ինչպես չկա բյուրեղյա մաքրության որեւէ կառույց, որեւէ ինստիտուտ ընդհանրապես:

Խնդիրն այլ է՝ մի բան է, երբ որեւէ կազմակերպությունում, որեւէ ինստիտուտում բարքերի վերաբերյալ հանրությունը կարող է ունենալ ամենատարբեր կարծիքներ ու համոզումներ, ամենատարբեր թափառող ինֆորմացիաներ՝ մի մասը ճիշտ, մյուսը՝ չափազանցված, կեղծ եւ այլն, եւ բոլորովին այլ բան է, երբ անարժանապատվությունը դառնում է ցուցադրական նորմ:

Այդ կերպ չի կարող լինել պայքար որեւէ մաքուր բանի համար: Ինչպես հնարավոր չէ հակաժողովրդավարական քայլերով հաստատել ժողովրդավարություն կամ պաշտպանել ժողովրդավարություն, այդպես էլ; հնարավոր չէ անարժանապատվությունը դարձնել որեւէ բան, առավել եւս եկեղեցի մաքրագործելու գործիք:

Բայց, նպատակը մաքրագործելը չէ, այլ հենց անարժանապատվությունը «հասարակական նորմի» վերածելը»: