Լրահոս
Հասարակական
19:45
09.07.22
327

Նախորդ տարվա համեմատ վարձակալության շուկայում գները 30-40 տոկոսով աճել են. անշարժ գույքի գործակալ

Img default alt hy

Փետրվարից ի վեր, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանում՝ անշարժ գույքի շուկայում, վարձակալության գները ռեկորդային աճ գրանցեցին։ Ավելացել էր պահանջարկը, բնականաբար նաև առաջարկի ու ծառայության գներն էին փոփոխվել։ Ներկայում մի շարք արտասահմանցիներ, որոնք հիմնականում պատերազմի պատճառով էին եկել Հայաստան, հեռանում են մեր երկրից։

Անշարժ գույքի շուկայի ներկայիս վիճակի վերաբերյալ ArmDaily.am-ը զրուցել է «Silver Rea» անշարժ գույքի գործակալության ղեկավար, անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովի հետ։

Նրա խոսքով՝ իսկապես ամիսներ առաջ վարձակալության շուկայում մեծ պահանջարկ կար, սակայն այսօր շուկան արդեն որոշակիորեն կարգավորվել է, քանի որ վարձակալողների մի մասը ոչ երկար ժամանակով էին եկել Հայաստան, ուստի իրենց հեռանալուց հետո արդեն սկսվեց գների որոշակի նվազում։

«Շուկայի գների որոշակի կարգավորումից հետո, եթե այս տարվա վարձակալության գները համեմատենք նախորդ տարվա գների հետ, կարող ենք ասել , որ շուկայում գները բարձրացել են մոտավորապես 30-40 տոկոսով՝ կախված, թե որ համայնքում ենք վարձակալում բնակարան կամ տուն»,-նշեց Հարությունովը։

Նրա պնդմամբ՝ վերջին շրջանում անշարժ գույքի շուկայի անկայունությունն էլ կապված է արտարժույթի փոխարժեքի տատանումներով։

«Մեզ մոտ շատ-շատ են դոլարային փոխանցումները ու դրա անկայունության պատճառով կարող ենք ասել, որ հիմա էլ շուկան հարմարվելու փուլում է գտնվում, ուստի գներն էլ իրենց հերթին անընդհատ տատանվում են»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Հարությունովի խոսքով՝ վարձակալության գները տարբեր են՝ քաղաքի կենտրոնական հատվածում այն սկսում է 250․000 դրամից, բայց ,օրինակ, Արաբկիրում 200․000 դրամից սկսած կարելի է բնակարան վարձակալել։ Իսկ ինչ վերաբերում է ծայրամասերին, ապա այնտեղ վարձակալության գները 100․000-120․000 դրամից են սկսում։

«Այս սեզոնին ևս գների որոշակի բարձրացում կնկատեք, քանի որ տուրիստական սեզոն է։ Հիմա ավելի շատ պահանջարկ օրավարձով տներն ու բնակարաներն ունեն, և շատ սեփականատերեր հենց այդ պայմանով էլ հանձնում են իրենց գույքը, քանի որ դա բավականին շահութաբեր է»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ առք ու վաճառքի շուկայում էլ կան որոշակի թանկացումներ, սակայն դա ևս բնական է, քանի որ նախ ամեն բան է թանկացել, և հետո մարդիկ նաև շատ են անշարժ գույք գնում։

«Անշարժ գույքի գներն ամեն տարի մոտավորապես 10 տոկոսով թանկանում են։ Սա պայմանավորված է միայն պահանջարկի ավելացմամբ, ընդ որում, մեզ մոտ ակտիվ է և՛ առաջնային շուկան, և՛ երկրորդային շուկան։ Առաջնային շուկայում գրեթե միշտ շինարարության առաջին 5-6 ամիսներին բնակարաների մոտավորապես 80 տոկոսն արդեն վաճառված են լինում»,- ընդգծեց անշարժ գույքի գործակալը։

Հարությունովի խոսքով՝ Հայաստանում անշարժ գույք հիմնականում ձեռք են բերում միայն տեղացիներն ու այն արտասահմանցիները, որոնք ազգությամբ հայ են, սակայն ունեն այլ երկրի քաղաքացիություն։ Անդրադառնալով անշարժ գույքի շուկայում առկա խնդիրներին՝ Հարությունովը նշեց, որ շուկայում հիմնականում չի պահպանվում ազատ մրցակցության կանոնները։

«Շատ ընկերություններ կամ անհատ գործակալներ չեն հետևում մրցակցային կանոններին, նրանք հարկային դաշտից դուրս են գործում, ուստի ցածր միջնորդավճարներով կարողանում են խախտել ազատ մրցակցության կանոններն ու շուկայի մեծ մասը կենտրոնացել իրենց ձեռքերում»,-ամփոփեց Հարությունովը։