Լրահոս
Քաղաքական
14:40
18.09.22
123

Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ ԱՄՆ կոնգրեսական

Img default alt hy

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։

«Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որի համահեղինակները բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, և հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձևով։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և Հայաստանի սահմանների որևէ փոփոխությանը դեմ ենք լինելու»,- ասաց Սփիերը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր հերթին նշեց, որ ԱՄՆ-ի անմիջական արձագանքն Ադրբեջանի գործողություններին այն էր՝ դադարեցնել բռնությունները և հրադադար հաստատել։

« Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել (ագրեսիան-խմբ․), մենք ընդունել ենք դա»,- ասաց Փելոսին։

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Սեպտեմբերի 16-ին հայտարարվել է, որ հայկական կողմի զոհերի թիվը 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։